168.am-ը գրում է.

Մայրաքաղաքի 46 համարի միկրոավտոբուսի վարորդ Ռուստամը ղեկին ծխելու և իրենից ծխախոտը հանգցնել պահանջող քաղաքացու հետ վիճելու համար քաղաքապետարանի և երթուղին սպասարկող «Առավել» ՍՊԸ-ի համատեղ քննարկման արդյունքում աշխատանքից հեռացվել է:

Ծխող վարորդի թեման, մի քանի օր է՝ սոցիալական հարթակների քննարկման թոփ լուրերի շարքում է։  Վերջինին անդրադարձել էր նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ նկատելով, որ այդ լուրը ստվերել է բազմաթիվ կարևոր թեմաներ.

«Դատական ռեֆորմներ – հանրության վեջին չի
Ընտրական ռեֆորմներ – հանրության վեջին չի
Հակակոռուպցիոն ռեֆորմներ – հանրության վեջին չի
Հարկային ռեֆորմներ – հանրության համարյա վեջին չի

Ղեկին ծխող երթուղայինի վարորդ – թիվ մեկ թեմա #Է_հետո՞»

168.am-ի հետ զրույցում Իոաննիսյանն անդրադարձավ մեր այն դիտարկմանը, թե շատերը երթուղային վարորդի շուրջ ստեղծված աղմուկը համարում են հատուկ բանեցված տեխնոլոգիա՝ առկա խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար, նա նշեց.

«Չէ, սա տեխնոլոգիա չի՝ ուղղակի խոսում է հանրությունում առկա խնդիրների մասին՝ որ հանրության ուշադրությունը ոչ այնտեղ է, որտեղ պետք է լինի, հանրությունն ամբողջությամբ չի գիտակցում այդ ռեֆորմների կարևորությունը»,- ասաց Իոաննիսյանը։

Երթուղային վարորդի թեմային վերադառնալով՝  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավարից մեկնաբանություն խնդրեցինք նաև հարցի շուրջ, թե որքանո՞վ է ճիշտ մեկ վարորդի ազատելը՝ հաշվի առնելով համակարգային խնդիրներն ու երթուղիները սպասարկող ընկերությունների դերն այս հարցում, ի պատասխան՝ Իոաննիսյանն ասաց.

«Ընկերությունների հետ պրոբլեմը գլոբալ է՝ այդքան էլ մեծ շահութաբերությամբ չեն աշխատում, բայց ամեն դեպքում, ճանապարհային երթևեկության կանոնները պետք է պահպանվեն, հարգվեն, ու ղեկին ծխելը կամ առանց համապատասխան կարգի վարորդական վկայականի մարդկանց տեղափոխելը պիտի բացառվի»։

Զարուհի Դիլանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել