«Հունիսի 11-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Թերևս, տեղի ունեցածը սպասված ու կանխատեսելի իրադարձություն էր, որովհետև մի կողմից՝ երկար ժամանակ գեներալը որոշակի հակասությունների մեջ էր Հայաստանի իշխանության հետ, մյուս կողմից՝ ԶԼՄ-ներն արդեն մի քանի օր «նախապատրաստում» էին այս հրաժարականը կամ պաշտոնանկությունը։ 

Մասնավորապես՝ «168 ժամ»-ը հրաժարականից մեկ օր առաջ գրել էր. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ»։

Իհարկե, պաշտոնական Ստեփանակերտը հերքեց այս լուրը, սակայն ընդամենը մեկ օր հետո հրապարակվեց Արցախի նախագահի հրամանագիրը։ Երևանի, այսպես ասած, պարտադրանքի վարկածը համարվում է այս պաշտոնանկության հիմնական վարկածներից մեկը, ու դրան ակնհայտորեն նպաստում են իշխանության որոշ գործիչների ու պատգամավորների հարցազրույցները, որոնցում «կարմիր թելի» պես անցնում է այն վարկածը, որ Ստեփանակերտում հաշվի են նստել Երևանում տիրող տրամադրությունների հետ։

Բացի այդ, սա առաջին դեպքը չէ, երբ Երևանը նման պահանջ է դնում Ստեփանակերտի առաջ։ Հիշենք, որ անցած տարի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականը տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրություններից անմիջապես հետո, երբ լուրջ լարվածություն առաջացավ Երևանի ու Ստեփանակերտի պաշտոնյաների հարաբերություններում։

Եթե ընդունենք, որ այս անգամ ևս գործ ունենք այս վարկածի հետ, ապա հայկական երկու պետությունների իշխանությունների «ներդաշնակության» այս բանաձևն այնքան էլ արդյունավետ չէ, որովհետև հակասում է հենց այն քաղաքականությանը, որ ԼՂ կարգավորման գործընթացում հետևողականորեն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Եթե պաշտոնական Երևանը կարգավորման գործընթացում փորձում է վերականգնել Արցախի սուբյեկտությունը, ապա պետք է հաշտվի այն իրականության հետ, որ Արցախում կարող է գոյություն ունենալ ինքնաբավ իշխանություն, որը կարող է ունենալ իր՝ Երևանից երբեմն տարբերվող դիրքորոշումները։ 

Ի վերջո, խնդիրը ոչ թե դիրքորոշումների տարբերությունն է, այլ դրանք հակադրության չվերածելը, երկխոսության դաշտում միասնական մոտեցումների հասնելը։

Մյուս կողմից՝ Ստեփանակերտում կտրականապես հերքում են, թե Վիտալի Բալասանյանը հեռացել է Երևանի պարտադրանքով։

Պարզապես կադրային տեղաշարժ է, ներհայկական խմորումներ փնտրելը ճիշտ չէ՝ ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխություններին: Անդրադառնալով Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու մասին ԱՀ նախագահի հրամանագրին՝ Դավիթ Բաբայանն ասել է. «Որքանով ես տեղյակ եմ՝ պատճառը այն է, որ Վիտալի Բալասանյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին: Նա հայտարարել է, որ թեկնածու է, քարոզարշավ է իրականացնելու»:

Բաբայանի վարկածը նույնպես միանգամայն տրամաբանական է թվում, մանավանդ, որ Վիտալի Բալասանյանը չի թաքցրել, որ մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին ու գուցե Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի օրինակով թողեց պետական ծառայությունը։ Այս վարկածի օգտին խոսում է մեկ այլ հանգամանք ևս։

Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությանը զուգահեռ՝ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին: Եթե Երևանի «պարտադրանքի» վարկածն արժանահավատ լիներ, Մնացականյանն ուժային գերատեսչության ղեկավար հազիվ թե նշանակվեր՝ Երևանում վերջինիս նկատմամբ գոյություն ունեցող ոչ այնքան բարենպաստ համատեքստի հետևանքով։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Բակո Սահակյանը Վիտալի Բալասանյանի հարցում ստիպված տեղի է տվել Երևանի ճնշմանը՝ դա «փոխհատուցելով» Լևոն Մնացականյանի նշանակմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել