Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 55 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Տ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու մայրն են։

***

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից հղի կինը մահացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել