168.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Նիստին  ներկա են Ռոբերտ Քոչարյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և քրեական գործերով փաստաբան,  ֆրանսիացի Սևակ Թորոսյանը։

Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նկատելով՝ ինչպե՞ս է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ի որոշման դեմ դատախազ Պետրոսյանի բերած վերաքննիչ բողոքի  քննությունը հանձնարարվել է հենց Ա. Դանիելյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի քննությունը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի մայիսի 20-ի որոշման դեմ բողոքի քննությունը նույնպես հանձնարարվել է Արմեն Դանիելյանին։

Փաստաբանը տեղեկացրեց, որ դիմել է Վերաքննիչ դատարան՝ խնդրելով հայտնել, թե ինչ ընթացակարգերով է այդ վերաքննիչ բողոքների քննությունը հանձնարարվել նույն դատավորին։

«Երբևէ չի եղել, որ պարոն Քոչարյանի գործով մեր կողմից բերված վերաքննիչ բողոքները մակագրվեն միևնույն դատավորին։ Այս գործով որքան վերաքննիչ բողոքներ են եղել, դրանք բոլորը մակագրվել են տարբեր դատավորների։ Ձեզ այս երկու բողոքների քննությունը հանձնարարելը մեզ համար տեղի է ունեցել ավելի քան կասկածելի պայմաններում։ Մեր դիտարկմամբ՝ գործերը Ձեզ են հանձնել՝ ելնելով Ձեր անձի առանձնահատկություններից։ Այն ընթացակարգերը, որոնք տեղի են ունեցել, և այն անձինք, որոնք որոշել են, որ գործը պետք է քննեք հենց Դուք, հաշվի առնելով, որ այն դատավորն եք, որը հազվադեպ է կայացնում այնպիսի դատական ակտ, որը կարող է հակասել Դատախազության դիրքորոշումներին»,- դիմելով դատավորին՝ նշեց Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանն էլ անդրադառնալով փաստաբանի ներկայացրած միջնորդությանը՝ նշեց, որ այդ ամենը ցույց է տալիս, որ կան խիստ կասկածներ, որոնք պետք է փարատել, իսկ փարատելը հնարավոր չէ՝ առանց դատավորի ինքնաբացարկի։

Այս պահին դեռևս քննվում է դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել