Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմքը դրվել է նախորդ դարասկզբին. 1920-ականների կեսերին՝ Առաջին աշխարհամարտից հետո, Եվրոպայում մեծ թվով կոտրվածքներ ունեցող մարդիկ հայտնվեցին, որոնք չէին ցանկանում համակերպվել իրենց թերությունների հետ և դիմում էին վիրաբույժներին, որպեսզի վերջիններս ոչ միայն վերականգնեին այս կամ այն մարմնի մասի գործառույթը, այլև դրա արտաքին տեսքը:

Պլաստիկ վիրաբույժները հարյուրավոր նորարարական մեթոդների կիրառման պիոներներն էին՝ ներառյալ հյուսվածքների, միկրոնաոթների փոխպատվաստումը և այլն: Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության հիմադիրներից մեկը համարվում է հայտնի ամերիկահայ վիրաբույժ Վարազդատ Քազանջյանը:

Վարազդատ Քազանջյանը ծնվել է 1879 թ. մարտի 18-ին Արևմտյան Հայաստանում՝ Էրզինջանում: 5 տարեկանում նա ականատես է եղել Աբդուլ Համիդի կառավարման տարիներին հայ բնակչության պարբերական թալաններին ու սպանություններին: Ընտանիքը տեղափոխվել է հարևան քաղաք՝ Սեբաստիա, որտեղ երիտասարդ Վարազդատը եկեղեցում սկսել է ուսանել: Հոր մահից հետո՝ 1891-ին, 12-ամյա Վարազդատը որպես գրագիր էր աշխատում Սամսունի կենտրոնական փոստատանը: Նա մյուս հայ երիտասարդների հետ հայրենասիրական խմբակներ էր այցելում և քիչ ժամանակ անց դարձավ Հայաստանի անկախության համար պայքարողներից մեկը:

Արդյունքում Վարազդատը հայտնվեց օսմանյան ոստիկանության ուշադրության կենտրոնում և հետախուզման մեջ հայտնվեց: Հայկական խորհրդի համոզմամբ նա տեղափոխվեց ԱՄՆ:

Սկզբում Վարազդատը հիմնվեց Վորչեսթեր քաղաքում, մինչև որ սովորեց լեզուն՝ երեկոյան լեզվի խմբակների հաճախելով: Ապա նա հեշտությամբ ընդունվեց Հարվարդի «Դանթիսթրի» դպրոց: Քազանջյանն ավարտեց Հարվարդի ատամնաբուժական դպրոցը 1905-ին և իրավունք ստացավ ատամնաբույժի օգնական աշխատելու:

Այնուհետև Վարազդատը որոշեց աշխատել հենց վերին ծնոտի հետ, սակայն այդ ժամանակ ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե դրա համար ինչու է անհրաժեշտ առանձին կլինիկա բացել: Մի քանի ամիս անց Քազանջյանի հեղինակությունը շատ բարձրացավ, և, ըստ էության, նա դարձավ դեմքի պլաստիկ վիրաբուժության ոլորտում առաջատար մասնագետ:

1915 թ. Ֆրանսիայի կառավարությունը դիմեց Հարվարդի համալսարանին՝ խնդրելով օրթոպեդների խումբ ուղարկել իր հոսպիտալներ: Այսպես Առաջին աշխարհամարտի տարիներին Քազանջյանը հայտնվեց Ֆրանսիայի հարավում, որտեղ աշխատում էր «Յանկի» հոսպիտալում:

Քազանջյանը, կազմակերպելով առանձին մասնագիտացված կլինիկա հոսպիտալից ոչ հեռու, այնտեղ տարավ իր բոլոր հիվանդներին: Երկու տարում գործընկերների հետ նա վիրահատեց ավելի քան 2,5 հազար վիրավորների, Եվրոպայում մնաց մինչև 1918 թ. և արժանացավ «վունդեր-վիրաբույժ» մականվանը:

«Իմ հաջողության գաղտնիքը օրթոպեդիկ ատամնաբուժության լավ իմացությունն է»,- ասում էր Քազանջյանը:

Ֆրանսիական կառավարությունը նրան հատուկ շքանշան է շնորհել, իսկ Անգլիայի արքա Գևորգ 5-րդն անձնապես պարգևատրել է Քազանջյանին «Սուրբ Միքայել» շքանշանով:

1925-ից սկսած Քազանջյանը դասավանդել է Հարվարդի համալսարանում՝ միաժամանակ աշխատելով որպես բժիշկ-այցելու տարբեր նահանգների կլինիկաներում: Նա առաջին գիտնականն էր, որը Հարվարդի բժշկական դպրոցում ստացավ պլաստիկ վիրաբուժության պրոֆեսորի կոչում: Ինչպես նաև առաջինն էր ԱՄՆ-ում, ով գիրք հրատարակեց պլաստիկ վիրաբուժության մասին:

Քազանջյանը 700-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է: Նրա գրքերը պլաստիկ վիրաբուժության ոլորտում դասական գրականություն են համարվում:

Վարազդատ Քազանջյանը մահացել է 1974 թ. հոկտեմբերի 19-ին Բելմոնտում: Այսօր Հարվարդի համալսարանում գործում է «Քազանջյանի սրահը»:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարարը՝ ամենահեղինակավոր վիրաբույժներից մեկը՝ լորդ Արա Դարզին, ով ևս հայկական ծագում ունի, լեգենդար Քազանջյանի մասին ասել է.

«Ես անասելի հպարտություն զգացի, երբ իմացա Քազանջյանի մասին: Բրիտանիայում նրա մասին լեգենդներ կան հյուսված: Ես երազում էի, որ մի օր կկարողանամ շարունակել իմ հայրենակցի գործը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել