Հետխորհրդային շրջանում Թուրքիան և Ադրբեջանը, մեծ հաշվով, լինելով տարբեր աշխարհաքաղաքական բևեռներում, ակտիվորեն համագործակցել են: 1990-ականների կեսերից Ադրբեջանն ու Թուրքիան նաև կիրառում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Բայցևայնպես, Անկարայի և Բաքվի միջև երբեք չի եղել այնպիսի սերտ համագործակցություն, ինչպիսին Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններն էին, համենայն դեպս, մինչև այս վերջին իրադարձությունները: Միևնույն ժամանակ հետխորհրդային շրջանում Բաքվի և Անկարայի հարաբերությունները, չնայած որ ժամանակ առ ժամանակ լարվել են, միևնույնն է, հրապարակային մակարդակում երբևէ չեն անցել այն գիծը, ինչը որ տեղի ունեցավ Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններից հետո: Երևի կհիշեք` էլ կոռուպցիոներներ, էլ դավադիրներ, էլ հակահեղափոխականներ, էլ հող ծախողներ, էլ պարողներ…

Սա կարևոր պատմական փաստ է, որ պետք է ֆիքսել հենց հիմա ու ողջամտության կոչ անել, պահանջել, եթե կուզեք, խնդրել: Բայց այս գործելաոճն ու քաղաքական ձեռագիրն իրենց հոռի հռետորաբանությամբ օր առաջ փոխել է պետք: Թե ներքաղաքական ի՞նչ հաշվարկներ կան, թե ի՞նչ խնդիրներ են լուծվում, թե ով ինչ միավորներ է թռցնում ներքաղաքական այս խաղերի արդյունքում, հավատացեք` էական չէ: Բայց եթե երրորդ հանրապետության պատմության ամենամեծ ձեռքբերման` ազատ Արցախի հարցում ձախողում եղավ, եթե այս իրավիճակից թշնամական բանակն առիթավորվեց ու անցավ ակտիվ ռազմական գործողությունների, ապա հետո ոչ մեկ ճիշտ ու սխալ չի անելու, ոչ մեկ չի ներելու: Ես դա ձեզ վստահեցնում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել