Armenpress.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրու  քաղաքապետարանի նիստերի դահլիճում պատվիրակության պաշտոնական ընդունելության ժամանակ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունեց հյուրերին՝ մաղթելով  հաջող ու արդյունավետ  աշխատանքային օր: «Ուրախ ենք, որ ֆորումի աշխատանքային երկրորդ օրը  անց է կացվում Գյումրիում:  Հնարավորություն ունենք այսօր աշխարհում հայտնի իտալական շատ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անմիջական աշխատանքային հանդիպում ունենալ ու  քննարկումներ անցկացնել»,-նշեց  Շիրակի մարզպետը:

Ներկաներին ողջունեց նաև  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հույս հայտնելով, որ պաշտոնական հանդիպումից հետո  նախատեսվող շրջայցի ընթացքում հյուրերը կծանոթանան քաղաքի  ողջ  պոտենցիալին: Քաղաքապետը պատվիրակության անդամներին իր  ու Շիրակի մարզպետի անունից  նաև վստահեցրեց՝  ցանկացած նախաձեռնություն ու ծրագիր, որը կիրականացվի Գյումրիում, կստանա մարզային ու քաղաքային կառույցների աջակցությունը:

Հայաստանում  Իտալիայի արտակարգ և լիազոր  դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոն նշեց՝ Գյումրին այն քաղաքն  է, որը կհետաքրքրի իտալացի  գործարարներին: «Հատուկ վերաբերմունք  ունեմ  Գյումրիի նկատմամբ ու Գյումրին համարում եմ իմ երկրորդ նստավայրը Երևանից հետո: Սա  այն քաղաքն  է, որը շատ նման է իտալական քաղաքներին: Սա մի քաղաք  է, որն ունի փառահեղ անցյալ և  շատ բան է արել ու շատ բան է անում Հայաստանի համար:  Գյումրին իր պատմության ընթացքում տեսել է  մի շարք  դժվարություններ, բայց այդ դժվարությունները չեն կարողացել խեղաթյուրել քաղաքի դեմքն ու դրական էներգիան: Այսօր այստեղ ենք լուրջ առաքելությամբ ու մեծ պատվիրակությամբ։ Հուսանք՝  այսօր քաղաքին ծանոթանալուց հետո  շատերի համար առիթ  կլինի կրկին վերադառնալ Գյումրի»,-իր խոսքում նշեց դեսպանը:

Հայ-իտալական բիզնես ֆորումը նվիրված է տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, ICE-ի (Իտալական Առևտրի Գործակալության) Տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի և միջավայրի Մոսկվայի գրասենյակը, ինչպես նաև ANCE (Իտալիայի Շինարարների ազգային ասոցիացիա), OICE (Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա), Anie (էլեկտրական արտադրող ընկերությունների իտալական ասոցիացիա) և GdP Գրուպի Simest-ը: Հայ-իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում են նշված բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ներկայացուցիչներ, նպատակ ունի ներկայացնելու իտալական ձեռնարկություններին Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար: Ֆորումի նպատակներից է նաև ICE գործակալության ներքո ստեղծել համացանց իտալական ասոցիացիաների և դրանց օտարերկրյա համարժեքների միջև

Օրվա ընթացքում պատվիրակության անդամները կունենան  աշխատանքային տարբեր հանդիպումներ ու քննարկումներ և շրջայց Գյումրիով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել