Բոսֆորի եվրոպական կողմում՝ ստամբուլյան Բեշիքթաշ և Քաբաթաշ շրջանների սահմանին, գտնվում է Թուրքիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Դոլմաբահչեի ամրոցը։

«Դոլմաբահչեն» կառուցվել է հատուկ սուլթան Աբդուլ Մեջիդա I-ի համար, ով կամենում էր բարոկկո ոճի ամրոց ունենալ, որը նման կլիներ եվրոպական կայսրերի ամրոցներին։ Կառուցման համար ծախսվել է մոտ 14 տոննա ոսկի, և այն կառուցել է ճարտարապետ Կարապետ Բալյանը։

Սակայն հարկ է նշել, որ Բալյանների տոհմի ազգանվան հետ է կապված ոչ միայն Ստամբուլի «Դոլմաբահչեն»։ Տոհմի շատ ներկայացուցիչներ XVIII-XIX դարերում Օսմանյան կայսրության պալատական ճարտարապետներն էին։

Բալյանները կրթություն են ստացել Եվրոպայում, և երբ կայսրությունում սկսվեց նորաձև համարվել եվրոպական ճարտարապետությունը, հենց նրանք դարձան իրենց գործի վարպետները։

Տոհմի հիմնադիրն Անատոլիայի գյուղակներից մեկից սերած ոմն Բալին էր։ Նա Ստամբուլ էր գնացել, որտեղ պալատում հաջողության էր հասել որպես ճարտարապետ։ Մահից հետո՝ 1725 թ., նրա տեղը զբաղեցրել է որդին՝ Մահարը։ Վերջինիս էլ փոխարինել են նրա որդիները՝ Գրիգորն ու Սենեքերիմը։

Ասում են, որ Բալյաններին իրական փառք է բերել հենց եղբայրների աշխատանքը։ Որպես պալատական ճարտարապետներ աշխատելով չորս սուլթանների համար՝ Գրիգորն ու Սենեքերիմն իրենցից հետո քաղաքին, որն այն ժամանակ կոչվում էր Կոստանդնուպոլիս, մեծ ժառանգություն են թողել։

Եղբայրներն են կառուցել Թոփհանեի Նուսրեթիե մզկիթը, Բայազետի աշտարակը, Բեշիքթաշի ամրոցը, Արնավուտկյոյ Վալիդե սուլթանի ամրոցը, ինչպես նաև Օրտակեյ նահանգում Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։

Իսկ ահա «Դոլմաբահչեն» կառուցել է Կարապետը՝ Գրիգորի որդին։ Նա ծնվել է 1800 թ. Կոստանդնուպոլսում։ Հոր մահից մի քանի տարի անց, փորձ ձեռք բերելով քեռու՝ Հովհաննես Սերվերյանի մոտ, նա զբաղեցրել է պալատական ճարտարապետի պաշտոնը։

1853 թ. սուլթանի հրահանգով որդու՝ Նիկողոսի հետ, նա կառուցել է «Դոլմաբահչե» ամրոցը, սակայն սուլթանների այս հայտնի տունը տաղանդավոր ճարտարապետի միակ աշխատանքը չէր։

Կարապետ Բալյանը ճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ է կառուցել։ Դրանց թվում են Չիրագանի ամրոցը, որն այսօր հինգաստղանի հյուրանոց է համարվում, Օրտակեյի մզկիթը, որի կառուցմանը մասնակցել է նաև Նիկողոս Բալյանը, ինչպես նաև հայկական Սուրբ Նշան, Սուրբ Երրորդություն, Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցիները։

Ինչ վերաբերում է «Դոլմաբահչեին», ապա այն որպես ամրոց էր ծառայում օսմանյան կայսրերի համար, իսկ միապետության անկումից հետո այնտեղ տեղավորվեց Աթաթուրքը՝ Մուստաֆա Քեմալը, ով հենց այնտեղ էլ մահացավ։ Մինչ 2007 թ. ամրոցը թանգարան էր, որից հետո թուրքական իշխանությունները վերադարձրին դրան քաղաքական գործառույթը՝ դարձնելով «Դոլմաբահչեն» Ստամբուլում վարչապետի պաշտոնական նստավայր։

Սակայն իրենց հետքը «Դոլմաբահչեում» թողել են ոչ միայն Բալյանները։ Ամրոցի սրահները զարդարված են Հովհաննես Այվազովսկու կտավներով, որոնք նկարիչը պատկերել է հատուկ սուլթան Աբդուլ-Մեջիդի պատվերով։

Բալյանների տոհմի վերջին հայտնի պալատական ճարտարապետները Սարգիսն ու Հակոբն էին՝ Կարապետի որդիները։ Նրանք ուսանել են Փարիզում, ինչպես նաև մեկ տարի՝ հոր մոտ։

Եղբայրները միասին մասնակցել են բազմաթիվ նախագծերի իրականացմանը։ Հակոբը, որպես կանոն, պատասխանատու էր լինում նախագծման համար, իսկ Սարգիսը՝ նախագծերը սուլթանին ներկայացնելու։ Նրանց աշխատանքներից են Բեյլերբեյի ամրոցը, Պերտևնիյալ Վալիդեի մզկիթն ու Քասիմփաշում ծովային նախարարության շենքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել