Yerkir.am-ը գրում է.

ՀՀ քաղաքացիների համար շատ կարևոր է տեղեկանալ` ոչ միայն այս հարցով, այլև, առհասարակ,  թե արդյո՞ք կա որոշակի ընթացակարգ, դա իրավական ակտերով ամրագրվա՞ծ է, թե՞ ամրագրված չէ, թե ինչպես է մեր պետությունը, մասնավորապես` մեր ոստիկանությունը վարվում ունեցած տեղեկատվության հետ. լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը`անդրադառնալով այսօր ոստիկանության կողմից «Ադեկվադ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու փաստին:

Նա մասնավորապես նշեց. «Եթե մենք ու մեր պետությունն ի սկզբանե գիտենք`որոշակի արարք հանցավոր չէ, ապա արդյո՞ք իրավաչափ է, որ կիրառեն թեկուզ 2 ժամով անձին ազատությունից զրկելու սահմանափակումներ, ընդ որում`այնպիսի հատուկ միջոց կիրառելով, ինչպիսին ձեռնաշղթաներն են, ընդ որում` միջամտելով բնակարանի անձեռնխելիության իրավունքին, անձնական տվյալների գաղտնիությանը, անձնական խուզարկություն իրականացնելով: Եթե մեր պետությունը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ նմանատիպ գործողություն կատարելը հանցագործություն չէ, ինչո՞ւ է սահմանափակում անձի իրավունքները: Սա լրջագույն հարց է, որը վերաբերում է նաև այլ հարցերի: Օրինակ` ստացվում է ահազանգ` ինչ-որ գործողություն է կատարվել: Ո՞ր դեպքում է  մեր ոստիկանությունը որոշում ոչինչ չանել և որ դեպքում է որոշում միջամտել, օրինակ` անձին բերման ենթարկել կամ թեկուզ, տերմինը կիրառեմ, հրավիրել, իհարկե, դա մեր իմացած քաղաքավարի և հաճելի հրավերներից չէ: Այս բոլոր հարցերը մենք պետք է անպայման քննարկման առարկա դարձնենք, և սա կարևորագույն խնդիր է: Մենք հասկանում ենք, որ երկրի ղեկավարն ունի պաշտպանության այդպիսի հնարավորություններ, նրան պետությունը տրամադրել է և շատ ճիշտ է արել` պետական պահպանության ծառայություն, իսկ հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ սպառնալիքը լինի իրական: Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե դա անվանենք սպառնալիք, ապա դա իրական համարվել չէր կարող: Ինչո՞ւ պետք է անձի իրավունքները սահմանափակվեն: Արդյո՞ք սա ռեգրեսիվ նշանակություն չունի, արդյո՞ք սա պատժիչ նշանակություն չունի և պայմանավորված չէ քաղաքական գործունեության հետ:  Սա կարևորագույն հարց է, թե ինչ պրոտոկոլով են աշխատում մեր իրավապահ մարմինները»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունն ունի այնպիսի ստորաբաժանում, որ ԶԼՄ-ների մոնիտորինգ է իրականացնում, այնտեղից հանում, իր կարծիքով ,հանցագործության տարրեր պարունակող հրապարակումները և դրա հիման վրա գործողություններ կատարում, Մելիքյանը պատասխանեց. «Օրինակ` մենք բազմաթիվ լրատվամիջոցներում հրապարակումներ ենք տեսել Ջիվան Աբրահամյանի վերաբերյալ, մայիսի 20-ին`դատարանների փակման օրը, շատ տեսանյութեր կային հրապարակված, որոնցում ակնհայտ հանցավոր էլեմենտներ կային: Ինչո՞ւ այդ հարցով որևէ վարույթ չհարուցվեց, և մեր իրավապաշտպան կազմակերպությունն 8 օր հետո հաղորդում տվեց, որպեսզի մեր քննչական մարմինը զբաղվի: Մենք ունե՞նք այս հարցերի պատասխանները: Ի՞նչ մեխանիզմներով է դա կատարվում, ունենք ստորաբաժանո՞ւմ, որի պարտականությունն է դա, թե՞ յուրաքանչյուրն, իր անձնական ֆեյսբուքյան էջը մտնելով, կարող է նկատել կամ չնկատել: Եթե երեկ շատ լրատվամիջոցներ դրա մասին խոսում էին, ինչպե՞ս եղավ, որ այսօր հայտնաբերվեց, և անմիջականորեն ծագած կասկած առաջացավ, որովհետև այստեղ նաև կարևոր է «անմիջականորեն ծագած կասկած» հասկացությունը: Դա կարող է անմիջապես հետևել կասկածի առաջացմանը`անձի նկատմամբ գործողությունների կատարմանը: Եթե դա հայտնաբերված լիներ երեկ, ապա այսօր այս գործողությունների կատարումը, մեղմ ասած, հարցեր կառաջացնեին, ինչը իմ`որպես մասնագետի կարծիքով, իրավաչափ չէր լինի, որովհետև կասկածն անմիջական լինել չէր կարող: Մեզ պարզաբանում են, որ այսօր է դա հայտնաբերվել: Թե ինչպես է դա հայտնաբերվել, ով է հայտնաբերել… սրանք իրավական հարցեր են, որոնք պարտադիր պետք է բարձրացվեն, հակառակ դեպքում ստացվում է, որ մեր պետությունը ընտրողաբար է գործում»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր 6 ոստիկան, առանց որևէ հիմնավորման, մուտք է գործել «Ադեկվադ»-ի գրասենյակ և ձերբակալել ՀԿ-ի հիմնադիր, ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ադեկվադ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Մինասյանը: «Ըստ մեր տեղեկությունների` ձերբակալության պատճառն այն է, որ Դանիելյանը պարզապես կրկնել է այն հայտարարությունը, որը արվել էր գործող ռեժիմին սատարողներից մեկի, Նիկոլ Փաշինյանի աջակցի կողմից, և տվյալ անձը որևէ իրավական հետևանք չէր կրել», - ասաց ՀԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ Դանիելյանին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին հաջակցության Նիկոլ Փաշինյանի իրականացված հանրահավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում հայտարարել էր, որ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնա Արցախ, ապա ինքն առաջինը կոչ կանի մարդկանց` «գնան ու քարով ցխեն Բակո Սահակյանի գլուխը»: ՀՀ Քննչական կոմիտեն նրան նկատմամբ քրեական գործ չհարուցեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել