Armenpress.am-ը գրում է.

 Արտակ Զեյնալյանը Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշման է հանգել` գնահատելով հրապարակումները, տեղեկատվական հոսքը, հաշվի է առել նաև դժգոհությունները` անկախ նրանից` դրանք օբյեկտիվ, թե սուբյեկտիվ են, հիմնավորված, թե անհիմն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զեյնալյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Գնահատելով հրապարակումները և տեղեկատվական հոսքերը՝ ես հանգել եմ եզրահանգման, որ պետք է ներկայացնեմ հրաժարականի դիմում»,-նշեց Զեյնալյանը:

Հարցին, թե ինչն է իրեն անհանգստացրել տեղեկատվական հոսքում, ինչն է նրան հանգեցրել այդ որոշմանը, նա նշեց, որ այն ամենը, ինչ շրջանառվել է: «Բնականաբար, նաև այն դժգոհությունները` անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ են, հիմնավորված են, թե անհիմն: Այդ ամենը վերալուծելով՝ ես այդպես եմ նպատակահարմար գտել»,-ասաց Զեյնալյանը:

Լրագրողի հարցին,թե հնարավո՞ր է, որ դատարանի մուտքերի արգելափակման հայտնի ակցիան ևս Զեյնալյանի մոտ դժգոհություն է առաջացրել և գուցե հրաժարականը նաև դրա հետ է կապված` նա պատասխանեց, որ այդ ակցիայի հետ կապված արդեն տվել է պարզաբանում, որը համընկել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանման հետ: «Դատական իշխանության կողմից իրականացված գործողությունները, որոշումները նույնականացվել են գործադիր իշխանության հետ, և ակցիան նպատակ է հետապնդում գործադիրը տարանջատել դատական իշխանությունից»,-նշեց նա:

Հարցին՝  Նիկոլ Փաշինյանի հետ արդյո՞ք հրաժարականի թեմայով խոսել է, թե՞ ոչ, դա վարչապետի համար անակնկալ եղե՞լ է, Զեյնալյանը պատասխանեց` ոչ, անակնկալ չէր:

Հարցին, թե հնարավո՞ր է քննարկումների արդյունքում մտափոխվի, Զեյնալյանը պատասխանեց, որ հիմա որոշում ընդունելու հերթը վարչապետինն ու նախագահինն է: Նա նշեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, վստահեցրեց, որ ինքը հրաժարականի դիմում ներկայացնելով՝ կայացրել է քաղաքական որոշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել