168.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր իրենց գրասենյակից  ոստիկանների ուղեկցությամբ ու ձեռնաշղթաներով բերման ենթարկվեց «Ադեկվադ» հ/կ ղեկավար Արթուր Դանիելյանը։

168.am-ն «Ադեկվատ» հ/կ նախաձեռնության անդամ, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանին խնդրեց մեկնաբանել վերջին զարգացումները։

«Քիչ առաջ Ամիրյան 22 հասցեում գտնվող «Ադեկվադ» հ/կ-ի գրասենյակ են ներխուժել 6 ոստիկաններ և 3 քաղաքացիական անձինք, ովքեր ձեռնաշղթաներով կալանավորել են Արթուր Դանիելյանին՝ մեղադրանք ներկայացնելով անձի նկատմամբ սպառնալիք հնչեցնելու համար»,- ասաց Լիկա Թումանյանը։

Վերջինս կարծում է, որ դա կապված է նախորդ օրը Արթուր Դանիելյանի կողմից հնչեցված խոսքերի հետ, որտեղ նա խոսել է իրավական համակարգի անկատարության, երկակի ստանդարտների և օրենքի կամայական կիրառության մասին՝ նշելով, որ իշխանություններն իրենց նկատմամբ կիրառում են և օրինական, և հակաօրինական միջոցներ՝ ներգրավելով քրեական տարրերին, և մեջբերել է վարչապետի համակիր Ջիվան Ավետիսյանի հայտարարությունը, որը նա Ազատության հրապարակում հնչեցրել է՝ Բակո Սահակյանի հասցեին գլուխը ջարդելու վերաբերյալ։

«Արթուր Դանիելյանն ասել է, որ կարող է գալ մի օր, և միգուցե մենք նման կոչ անենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սա դիտարկվել է՝ որպես սպառնալիք, չնայած ակնհայտ է, որ սա ենթադրություն է, ոչ թե սպառնալիք. Որևէ պնդում չի արվել, սակայն պարզ է, որ այն, ինչի մասին խոսում էր Արթուր Դանիելյանը, իրականություն է։ Օրենքը կիրառվում է կամայականորեն։ Ջիվան Ավետիսյանի նկատմամբ որևէ մեղադրանք չի ներկայացվել, իսկ Արթուր Դանիելյանին ձեռնաշղթաներով տանում են ոստիկանության բաժանմունք և մեղադրանք ներկայացնում նրան»,- նշեց Հանրային ռադիոյի նախկին տնօրենը։

Ըստ Լիկա Թումանյանի՝ սա խոսում է այն մասին, որ մենք չունենք իրական ժողովրդավար պետություն, ժողովրդավարական ազատություն, և ոչ բոլոր քաղաքացիներն են օրենքի առջև հավասար ու պաշտպանված։ Ոմանց թույլատրվում է ամեն ինչ, իսկ մնացածին՝ ոչինչ։

Մեր այն դիտարկմանը, թե ոստիկանությունն իր տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ Արթուր Դանիելյանը ձերբակալված չէ, այլ բերման է ենթարկված, Լիկա Թումանյանն ասաց, որ ձեռնաշղթաներով բերման չեն ենթարկում։

Նա հավելեց նաև, որ այս պահին «Ադեկվադի» կողմնակիցներն ու համակիրները հավաքվում են ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ, ուր գտնվում է նաև փաստաբան, «Իրավական ուղի» հ/կ նախագահ Ռուբեն Մելիքյանը, ով տեղում իրականացնում է փաստաբանական գործառույթներ։ Հետագա զարգացումներին Լիկա Թումանյանը խոստացավ տեղեկացնել ավելի ուշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել