Politik.am-ը գրում է.

Արցախի և Հայաստանի իշխանությունների հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում Արցախի իշխանություններին և շաբաթներ առաջ նրանց անգամ դավադիր պատերազմ հրահրելու մեջ մեղադրեց։

Այսօր լրատվամիջոցներից մեկը հայտնեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և առաջարկել ազատման դիմում գրել: Բակո Սահակյանը իր առաջարկությունը հիմնավորել է` նշելով, թե դա Հայաստանի իշխանության կողմից բարձրացված պահանջ է:

Մեզ հաջողվեց որոշակի մանրամասներ ճշտել Արցախում տեղի ունեցած քննարկումներից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարության ֆինանսական աջակցության դիմումները։ Հայաստանի կառավարությունից հասկացրել են, որ փող չի լինի, քանի դեռ Վիտալի Բալասանյանը շարունակում է պաշտոնավարել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։

Արցախի իշխանություններից մեր աղբյուրները պնդում են, որ Հայաստանի կողմից առաջին անգամ է իրենց նկատմամբ ֆինանսական պատժամիջոց գործադրվում։ Արցախի պաշտոնական շրջանակները անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ Փաշինյանը ապացուցել է, որ իր անձնական ամբիցիաների համար պատրաստ է վտանգել նաև Արցախի անվտանգությունը։

Կառավարության աշխատակազմից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ։ Արցախի իշխանությունները ևս չեն ցանկանում այս օրերին մամուլին մեկնաբանություններ տալ։ Արցախում լծված են Վիտալի Բալասանյանին համոզելու գործին և հույս ունեն, որ առաջիկայում նա հրաժարական կտա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել