168.am-ը գրում է․

Չինաստանի իշխանությունները տվել են նորովիրուսի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսելու թույլտվություն, նորովիրուս, որը վիրուսային գաստրոէնտերիտի առաջացման ամենատարածված պատճառն է: Ինչպես հունիսի 5-ին գրել է Shanghai Daily թերթը, պատրաստուկը կդառնա աշխարհում առաջին քառավալենտ պատվաստանյութը նորովիրուսի դեմ։

Պատվաստանյութը Չինաստանի Գիտությունների ակադեմիային կից Շանհայի Պաստերի ինստիտուտի (IPS) եւ Anhui Zhifei Longcom Biopharmaceutical ընկերության համատեղ մշակումն է: Կլինիկական փորձարկումների անցկացման թույլտվությունը, որոնք կտեւեն շուրջ հինգ տարի, մայիսի 30-ին տվել է Բժշկական պատրաստուկների ազգային վարչությունը: IPS-ում այդ ծրագրի ղեկավար Հուան Չժուանի խոսքով՝ պատվաստանյութի մշակման համար պահանջվել է չորս տարի:

Նորովիրուսով, որը նաեւ անվանում են «ստամոքսային գրիպ», ախտահարումը կանխելու հարցում դրա արդյունավետությունը տեսականորեն կարող է կազմել 80-ից մինչեւ 90 տոկոս: Բարձրվարակիչ եւ որոշ դեպքերում մահացու նորովիրուսը, որը վիրուսային գաստրոէնտերիտի հիմնական հարուցիչն է, տարեկան ամբողջ աշխարհում ախտորոշվում է մոտավորապես 685 միլիոն մարդու մոտ:

Նորովիրուսն ամեն տարի շուրջ 210 հազար մարդու կյանք է խլում: Հիվանդության բռնկումները սովորաբար տեղի են ունենում տարվա ցուրտ ժամանակ, իսկ ամենամեծ ռիսկի խմբում են երեխաներն ու տարեց մարդիկ: Վիրուսը փոխանցվում է ջրի, կերակրի միջոցով, օդա-կաթիլային եղանակով եւ ախտահարված մարդու հետ ուղղակիորեն շփվելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել