Ազնվամորու դասական մուրաբան իսկական հրաշք է ձմեռվա համար։ Այն կարելի է և հացին քսել, և թխվածքի մեջ ավելացնել, և թեյի հետ խմել։

Այսօր  կպատմենք, թե ինչպես կարելի է պատրաստել մեր սիրելի մուրաբան՝ ավելի արտասովոր համով։ Պետք է ընդամենը բանան ավելացնել։ Մուրաբայի համը շատ հետաքրքիր է ստացվում և մրգային ծամոն է հիշեցնում։ Այս մուրաբան կարելի է երկար պահել, կարելի է նաև սառեցված հատապտուղներից պատրաստել։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 1 կգ թարմ ազնվամորի
  • 250 գրամ բանանի պտղամիս
  • 800 գր. շաքարավազ
  • 1 թ.գ. լիմոնի աղ կամ մեկ լիմոնի հյութ

Պատրաստման եղանակը

1. Ազնվամորին լցրեք հաստ տակով կաթսայի մեջ։ Հարիչով կամ կարտոֆիլի ճզմիչով հատապտուղները խյուսի վերածեք։

2. Բանանը մանր կտրատեք և ավելացրեք խյուսին։

3. Ավելացրեք շաքարավազն ու լիմոնի աղը։ Լավ խառնեք և դրեք միջին կրակի վրա։ Ընթացքում խառնեք, որ տակը չկպչի։

4. Մուրաբան հասցրեք եռման ջերմաստիճանի և կրակը ցածրացրեք։ Եփեք ևս 10-20 րոպե՝ խառնելով և վրայի փրփուրը հանելով։

5. Առանց կրակից հանելու՝ տաք մուրաբան լցրեք ստերիլիզացված բանկաների մեջ և փակեք։ Շրջեք գլխիվայր, ծածկեք տաք մուշտակով կամ վերմակով՝ մինչև սառչի։ Պահեք զով տեղում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել