Մինչ հայկական կողմում հանրությունը կրկին քայլեր է անում՝ բաժանվելու տարբեր խմբերի և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու, Ադրբեջանում ամբողջ թափով գործի են լծվել մշակույթի, հասարակական ու ռազմական գործիչները:

Բուհերում հատուկ դասախոսություններ են կարդում բանակի սպաները, իսկ հռետորները խոսում են ռազմահայրենասիրական թեմաներով՝ ուսանողներին մղելով կյանքը նվիրել առաջիկա մեծ պատերազմում Արցախը գրավելուն:

Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ բոլոր հանդիպումներն ունեն մեկ կարգախոս. «Մահ թշնամուն, ազատագրել Ղարաբաղը»...

Ադրբեջանական իշխանությունը նաև սկսել է պարգևներ ու դրամական մեծ աջակցություն տալ ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների կամ վիրավորվածների ընտանիքներին:

Իսկ քարոզչամեքենան սահմանի կամ ընդհանրապես հայկական կողմի մասին խոսելիս ամբողջությամբ դադարեցրել է «հակառակորդ» բառի կիրառումը՝ օգտագործելով միայն «թշնամի» եզրույթը:

Մի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն անընդհատ կրկնում էր, որ պատերազմը չի ավարտվել, և հայ հանրությունը չպետք է թմրի: Նրա խոսքերը հաստատվեցին 2016-ի ապրիլյան գործողությունների ժամանակ:

Հայաստանում դեռ հանդիպում են գործիչներ ու կրթական հաստատություններ, որոնք խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության և հատկապես պատանիներին ու երիտասարդներին խաղաղության պատրաստելու մասին, նշում են, որ Ադրբեջանից սպառնացող վտանգների մասին չի կարելի ասել պոտենցիալ զինվորներին:

Թե ինչ է կատարվում Ադրբեջանի ԶՈՒ-ում այսօր, մանավանդ փակ ռեժիմում, կկարողանան հայտնել մեր հետախույզները, բայց կասկածից վեր է, որ Ադրբեջանի իշխանությունն իր ժողովրդին խաղաղության չի պատրաստում:

Այս պայմաններում հայկական կողմն ունի մեկ հաղթաթուղթ՝ միասնականություն: Քաղաքական ու հանրային միասնականության դեպքում նախ մեր թշնամին չի հանդգնի նոր արկածախնդրության, իսկ դիմելու դեպքում կրելու է հերթական պարտությունը:

Հակված չեմ մտածելու, որ պատերազմ կլինի, բայց ՀՀ-Արցախ արհեստածին պառակտումները լավ հող կստեղծեն Ադրբեջանի համար: Նրանք դրան են սպասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել