«Արհեստական ինտելեկտը եւ մշակույթների երկխոսությունը» խորագրի ներքո տարբեր երկրների ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված արհեստական ինտելեկտի գեղարվեստական հնարավորություններին, հունիսի 6-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կբացվի Էրմիտաժի Գլխավոր շտաբում։

Ինչպես հայտնում է իրադարձության նախաձեռնողի՝ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի մամուլի ծառայությունը, Ռուսաստանում ժամանակակից արվեստի մեջ արհեստական ինտելեկտի դերին նվիրված առաջին ցուցահանդեսը կհավաքի ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից, Ասիայից եւ Ռուսաստանից նկարիչների աշխատանքներ:

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից արվեստը ճանաչում ստացավ այն բանից հետո, երբ 2018 թվականին Christie՚s-ի աճուրդում 432,5 հազար դոլարով վաճառվեց «Էդմոնդ Բելամիի դիմանկարը» կտավը, որն ստեղծվել էր Obvious ֆրանսիական արտ-խմբի կողմից:

Էրմիտաժի ցուցահանդեսում կներկայացվեն երեք դիմանկարներ՝ «Բելամի մտացածին ընտանիքի դիմանկարների շարքից», ինչպես նաեւ արվեստի այդ ուղղության համաշխարհային մյուս աստղերի ստեղծագործություններ:

Ցուցադրանքում ներառված աշխատանքների մեծամասնությունը արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների օգնությամբ տվյալների ընդգրկուն բազաների մշակման արդյունքն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել