Factor.am-ը գրում է.

Արցախը հայտնվել է քաղաքակրթական հարթության պայքարում առաջին գծի վրա և չկա առանձին արցախյան կամ ղարաբաղյան խնդիր, կա հայության լինել-չլինելու հարցը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության շուրջ վերջին մեկ տարվա ընթացքում ծավալված զարգացումներին։

«Իլհամ Ալիևը լկտի արտահայտություն է արել, անգամ ասել է՝ սպառվել է այն ժամանակը, որը Ադրբեջանը տվել է Հայաստանին։ Այդ բառապաշարը փողոցային բառապաշար է։ Նա մեզ տեղ չի թողնում, ամեն ինչն ասում է։ Այդ բառապաշարը փողոցում երկու փողոցային խմբերի միջև զրույցի է նման։ Եթե քո հարևան երկրի նախագահն այդ բառապաշարով է խոսում, դա առնվազն ազդակ պիտի լինի, որ մենք հաստատ մեկ տարին ոչ արդյունավետ ենք օգտագործել, կամ օգտագործել ենք ոչ այն ուղղությամբ»,- ասաց նա։

Նրա համոզմամբ՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատահական կամ անսպասելի չեն մեկնարկել, այդ պետություններն ունեն 20 տարվա համագործակցության ծրագիր, որում ներառված են և՛ զորավարժությունները, և՛ հռետորաբանությունն ու մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառումը։

«Թուրքիան ու Ադրբեջանը գործում են համակարգված և նպատակասլաց, ինչը չէի ասի հայության մասին»,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավարը։

Անդրադառնալով դավադիրների և հողեր հանձնելու մասին հայտարարություններին, որոնք հնչեցվել են վարչապետի կողմից, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այդ հռետորաբանությունն ավելի  հարիր է ընդդիմադիր թերթին:

«Եթե այս ամենը, ինչ որ ասվում է այսօր, «Ժամանակ» ընդդիմադիր թերթի ու նրա ուժի կողմից ասվեր, այդ ամենը զարմանալի չէր լինի, որովհետև դա էր այն հիմնական հողը, որի վրա կանգնած էին նրանք։ Բայց այն, ինչ տեղի ունենում այսօր, այսինքն՝ երկրի ղեկավարը կա՛մ պատասխանում է, կա՛մ արձագանքում է սոցցանցերում մեկ քաղաքացու գրածին… Ես պետք է ասեմ, որ կան շփվելու աստիճաններ ու լեզու․ ղեկավարը հստակ ունի այլ մակարդակ»,- ասաց նա։

Նրա փոխանցմամբ՝ մյուս կողմից էլ մի կողմ է շպրտվում այդ զրույցների էությունը, որոնք տեղի են ունեցել Արցախում և դա չի քննարկվում, այն ինչ այդ դրվագի մեջ լեփ-լեցուն հակասություններ կան։

«Պարզվում է, որ ՀՀ ղեկավարը հավակնում է ներկայացնել նաև Արցախի դիրքորոշումը, այլապես ինչո՞ւ պիտի համաձայնեցնի իր տեսակետն արցախցիների հետ։ Եվ երկրորդը՝ այդ ի՞նչ է ասվել, այդ ի՞նչ տեսակետ է արտահայտվել օգնականի կողմից կամ հենց ղեկավարի կողմից, որն ընկալվել է՝ որպես տարածքներ հանձնել։ Այն մանիպուլյատիվ հնարքները, որոնք օգտագործվում են անցյալ տարվանից՝ հայաստանյան հասարակությանը փորձություններով անցկացնելու համար, որոնցով աշխատում են, կարծես թե, շեղում է բոլորի ուշադրությունը բուն թեմայից, որի շուրջ Արցախում տեղի են ունեցել հանդիպումները»,- նկատեց Ալավերդյանը՝ նշելով, որ իրենց անհանգստացնում է կառավարման և՛ ոճ, և՛ բովանդակությունը։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել