Armenpress.am-ը գրում է.

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված՝ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասաց Օհանջանյանը:

Ավելի վաղ, Գեղամ Պետրոսյանի պաշտպանը բողոքարկել էր Մարտի 1-ի գործով սպանություն կատարելու կասկածանքով նրա ձերբակալման որոշումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հունիսի 4-ին տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել