168․am-ը գրում է.

Մինչ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները սպասում են կրկին աշխատանքի վերադառնալուն, ընթացքում հայտնվում են բանկերի սև ցուցակում՝ վարկերը ժամանակին մարել չկարողանալու պատճառով:

«Ուզած-չուզած՝ արտագաղթում ենք: Մեծ մասը բանկերի սև ցուցակում է, ոմանք մեկնել են Ռուսաստան ու կոպեկներով աշխատում են, ոմանք էլ եկել են Երևան՝ հույսով, որ շատ արագ հետ կվերադառնան ծննդավայր ու նախկինի պես կշարունակեն աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:

Ինչ վերաբերում է մայիսի 28-ին Ապարանում լրագրողների հետ զրույցում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի այն հայտարարությանը, որ Թեղուտի հանքը շուտով պատրաստ կլինի վերագործարկման, ու շրջանառվող լուրերին, թե պղնձաձուլական գործարանի աշխատակիցները հնարավորություն կունենան այնտեղ աշխատել, զրուցակիցներս պատասխանեցին.

«Մեզ համար այնտեղ էլ տեղ չի լինի: Այդտեղ մի 50 հոգի մարդ էր աշխատում, երևի նրանց կանչեն, մի քանի հոգու էլ՝ գուցե մերոնցից: Հիմա այնպիսի վիճակ է, որ ով որտեղ կարողանում՝ մի գործ գտնում ու փորձում է աշխատել»:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը հունիսի 3-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Ալավերդու պղնձաձուլարանի հարգելի աշխատակիցներ, ձեր վարկերի հնարավոր ռեստրուկտուրիզացիայի մասով ԱԺ-ում րոպեներ առաջ կրկին խոսեցի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ։ Խոսքը 152 վարկառուի 346 վարկի մասին է (ավելի քան 10 բանկում և վարկային կազմակերպությունում)՝ 273 մլն 193 հազ. դրամ ընդհանուր ծավալով։ Այս ուղղությամբ ծավալուն աշխատանք է կատարվել, կա դրական տեղաշարժ։ Ստորագրահավաքն ու վարկառուների տվյալները ԿԲ-ում են։ Առաջիկայում սպասեք հստակ լուրի»։

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման պահը հետաձգվել է մինչև հունիսի 30-ը: Այս մասին ապրիլի 26-ին հաղորդագրություն են տարածել «Վալլեքս» խմբի ընկերությունները՝ նշելով, որ դիտարկվում են գործարանում արտադրության վերսկսման հնարավոր տարբերակները:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

««Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքի կասեցման հետևանքով Ալավերդի խոշորացված համայնքում սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակներում մշակվել է հայեցակարգային պլան: Վերջինս ներկայացվել է ՀՀ Կառավարությանը՝ դրա շուրջ հետագայում կառուցողական քննարկումներ ծավալելու և միասնական դիրքորոշում ձևավորելու ակնկալիքով։

Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերից գործարանում ժամանակավորապես դադարեցվել է խտանյութերի վերամշակումն ու անզուտ պղնձի արտադրությունը, որից հետո ընկերությունը նախաձեռնել է աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման գործընթաց՝ բոլոր աշխատողներին օրենքով սահմանված կարգով տալով նշված հիմքով աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ: Մինչ այժմ երկու անգամ չեղարկվել են նախկինում տրված համանման ծանուցումները, և ընկերության բոլոր աշխատողներին տրվել են նոր ծանուցումներ՝ նախատեսվող ազատումներն այլ ժամկետում կատարելու մասին։ Համաձայն վերջին (գործող) ծանուցումների՝ աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատումները նախատեսվում է իրականացնել 2019թ. ապրիլի 30-ից:

Հայեցակարգային պլանում դիտարկվում են գործարանում արտադրության վերսկսման հնարավոր տարբերակներ, այդ թվում՝ պղնձի արտադրության ժամանակավոր վերագործարկում, որին զուգահեռ՝ պետք է տարվեն աշխատանքներ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով զտված պղնձե արտադրանք թողարկելու, ինչպես նաև նոր պղնձաձուլարանի կառուցման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել