Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ կապված սահմանում և շփման գծում վերջին շրջանում լարվածության աճի հետ:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ տարածաշրջանում հակամարտությունը, որն այսքան ձգվեց, կարգավորվի»,-ասաց Մարիա Զախարովան:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է: Համանախագահները Հայաստան էին եկել մայիսի վերջին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունել են տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք հանդիպում են ունեցել Արցախի ղեկավարության հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-30-ին տարածաշրջան այցելությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել