Մի ավագ ընկեր ունեմ, կամ ավելի շուտ ուսուցիչ, երբ ինչոր օրակարգային հարցի շուրջ բանավիճելիս ինձ, ավանդույթի համաձայն, փորձում է մաքսիմալիստական դիրքերից հետ բերել, հաճախ նույն արտահայտությունն է կրկնում՝ «մեր մարտահրավերները համահունչ չեն մեր ռեսուրսներին»: Էս զինաթափող արտահայտությունը շատ սթափեցնող է, որովհետև օբյեկտիվ և բավականին ակնհայտ իրողություն է արտացոլում:

Մենք խոչընդոտում ենք աշխարհի հզորագույն պետություններին ու սինդիկատներին Ադրբեջանի տարածքով տանել էներգետիկ ենթակառուցվածքներ, որոնք վերջնականապես կձևափոխեն աշխարհը: Ռուսաստանը, որ ներկա պահին վերահսկում է Եվրոպական գազի շուկայի 40 տոկոսը, պիտի կորչի որպես պետություն` հենց որ իր այդ փայը կրճատվի: Սա ոչ միայն Եվրոպային է մաքրելու տարատեսակ Բրեքզիթներից, Լե Պեններից ու ԱֆԴ-ներից, այլ ողջ մոլորակի քաղաքական լանդշաֆտն է փոխելու` Վենեսուլայից մինչև Ույգուրստան, Իսրայելից մինչև Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն:

Խոսքը տրիլիոնների մասին է: Տրիլլիոններ, որոնք պիտի սկսեն հոսել, հենց որ գործի հրեաներին նախկինում էլ ազատագրած Նաբուգոդոնոսոր արքայի պատվին անվանակոչված Նաբուկոն: Իսրայելը վերջապես կդառնա իրենց դրոշին համահունչ՝ Նեղոսից մինչև Եփրատ: Ույգուրները «կազատագրվեն» Չինաստանից: Ու էս ամենի արանքում մի Հայաստան է, որը իր 10-15 միլիարդանոց ՀՆԱ-ով փորձում է համ ամրոցից դուրս գտնվող թշնամիներին զսպել, համ էլ` ամրոցի ներսում բազմացող ժողովրդասեր սրիկաներին չեզոքացնել: Էդ 10-15 միլիարդի մի մեծ մաս էլ հենց ռուսների ու չինացիների պարբերական նվերներն են ապահովում:

Ու քանի որ մեր մարտահրավերները իրոք համահունչ չեն ռեսուրսներին, ստիպված ենք լինում, դրա արդյունքում գոյացած ռեսուրսի դեֆիցիտը լրացնել ճարպկությամբ, բջությամբ, բլեֆով... Եվրոինտեգրվելով, ԵԱՏՄ-վելով... առավոտը պահպանողական խաղալով` երեկոյան Սորոսի հետ միասին ընտանեկան բռնության դեմ պայքարելով:

Ընդ որում, էդ հիմա ա, որ հասել ենք բլեֆի նման բարդ կոմբինացիաներին, մի 20-25 տարի առաջ ամեն ինչ շատ ավելի պարզ էր: Վազգեն Սարգսյանը, Տեր-Պետրոսյանին ու յուր նաբուկոյականներին ֆիզիկապես սպառնալով ու Մանվելներ հակադրելով, շարքից դուրս էր հանում, իսկ արտաքին աշխարհին ասում էր, որ էդ տրուբեքը, եթե կառուցվեն, Չինաստանից բերված հրթիռներով խփելու ենք: Աշխարհն էլ դե միշտ հուշտ ա եղել իրենց պատկերացմամբ շիզոֆրենիկ հանդիսացող անձանցից: Ու հետո, մարդ ես, կարող ա հայերն իրոք ունեին էդ անտեր հրթիռները:

Մենք իհարկե չունեինք, ինչ էլ ունեինք շատ հին էր ու մեծ առումով անպիտան: Այս տեղեկությունը աշխարհին շտապեց հայտնել մեր երկրի վարչապետը, ինչի համար ծեծ կերավ, իսկ ծեծից հետո ստացավ պաշտոն Բրիթիշ Պետրոլիումում: Դե, որտև բլեֆը բռնվել էր, բլեֆ անողի ճակատագիրն էլ վճռվել էր:

Այդ պատմությունից քսան տարի անց, շատ ավելի բարդ կոմբինացիայում նույն մարդը նույն ստորությունն է անում: Առանց այդ էլ պետականության խորը ճգնաժամի մեջ գտնվող երկում` բարձրագույն դատական ատյան է գործուղում մի մարդու, ով չի ճանաչում պետության գլխի լեգիտիմությունը: Նույն հաջողությամբ կարելի էր թշնամուն հայտնել սեփական զորքերի տեղակայման վայրը, կամ ասենք սեփական հրթիռների անպիտանելիությունը:

Ու էս պատմության մեջ իմ համար ամենազարհուրելին մարդկային գործոնն է: Ինչոր առումով դեռ կարող եմ ընկալել, թե ոնց ա ստացվել, որ մանուկ հասակում, երկկողմանի որբ դարձած մի տաղանդաշատ երեխա, 34 տարեկանում, սեփական խորը թերարժեքության բարդույթներից դրդված, կարող էր սեփական ժողովրդին ծախել: Բայց 67 տարեկանում, երբ ոչ դու, ոչ զավակներդ, ոչ էլ թոռներդ ֆինանսական խնդիր չունեք, ինքդ էլ նվաճել ես բոլոր բարձունքները... ի՞նչը պիտի դրդի նման ստորության:

Մանավանդ, որ դաստիարակողդ հերոս մարդ է, պատմության մեջ երկու անձանցից մեկը, ում ԽՍՀՄ հերոս դառնալու պատճառը մինչ օրս հույժ գաղտնի է, առաջին գլխավոր վարչության լեգենդ, ով մինչև իր վերջին օրերը ապագա հետախույզներին դաս էր տալիս: Չեմ հասկանում, ոնց կարաս գնդապետ Գևորգ Վարդանյանի պորտրետը ձեռքիդ, մայիսի 9-ին հաղթանակի օր նշես անմահ գնդի շարքերում ու նույն ձեռքով քեզ դաստիարակած, կերտած ու լուսավորած Վարդանյանի հիշատակը պղծես` մի հրաման ստորագրելով:

Ու մեկ էլ չեմ կարում մինչ օրս հասկանալ` մեր մարտահրավերների ու ռեսուրսների դեֆիցիտի ո՞ր մասն էր կոչված լրացնել` էս մարդու առաջադրումը նախագահի պաշտոնում: Չեմ հասկանում և վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել