ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Գեյնսվիլ քաղաքում ալիգատորը սողացել է պիկնիկի վայր և կերել բոլոր մթերքները, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ Թեյլոր Ֆորտեն Էլիս լճի ափին հրաժեշտի պիկնիկ է կազմակերպել փեսացուի համար, որը պետք է զինվորական ծառայության մեկներ: Հանկարծ ջրից ալիգատոր է դուրս եկել և ուղղվել դեպի սնունդը, որը նրանք դրել էին գետնին փռված սփռոցի վրա:

Զույգը կարողացել է մի կողմ քաշվել և անվտանգ հեռավորությունից հետևել, թե ինչպես է սողունն ուտում մթերքները: Ալիգատորը սկզբում կերել է պանրի կտորը, հետո կուլ տվել երշիկը, ձմերուկի կեսը և գրեթե կես կիլոգրամ խաղող: Դրանից հետո սողունն անցել է գուակամոլե սոուսին. սկզբում կերել է թասի պարունակությունը, իսկ հետո՝ հենց թասը: Դա, Ֆորտեի խոսքերով, ամենաահավորն էր:

Փեսան փորձել է հեռացնել ալիգատորին: Նա ձեռքերը դրել է կողքերին՝ ավելի խոշոր երևալու համար և սկսել է բարձր ձայներ արձակել: Արդյունքում սողունը դադարեցրել է ճաշը և ետ սողացել լիճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել