168.am-ը գրում է.

Հանգստյան օրերին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները կոշտ հայտարարություններով փոխանակվեցին ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հունիսի 1-ին հայտարարություն տարածեց սահմանին վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչը հանգեցրել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը:

«Ադրբեջանի այս գործողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան առավելագույնս զսպվածություն ցուցաբերելու և լարվածությունից խուսափելու վերաբերյալ կողմերին ուղղված կոչով: Այս վերջին զարգացումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը և դրան նպաստող միջավայրի ձևավորմանը, և հանդիսանում են լուրջ հետքայլ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկված բոլոր ջանքերից: Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ հանձնառությունները, որոնք ստանձնել է 2018թ. Միլանում, 2019թ. Վիեննայում և 2019թ. Մոսկվայում ընդունած վերջին համատեղ հայտարարություններով»,- ասված էր ԱԳՆ հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշված էր նաև, որ Ադրբեջանի դատապարտելի այս գործողությունները, շուտափույթ կերպով չդադարելու դեպքում, կարող են լուրջ խոչընդոտ դառնալ կարգավորման գործընթացի շրջանակներում հետագա քայլերի համար: «Դրանք նաև հարցականի տակ են դնում Ադրբեջանի վստահելիությունը և նրանց կարողությունը՝ հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու և ամրապնդելու վերաբերյալ 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված և 2019թ. մարտին Վիեննայում վերահաստատված հանձնառություններին: Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել իրական քաղաքական կամք՝ արտահայտված հրադադարը պահպանելու ուղղությամբ կոնկրետ ու արդյունավետ գործողություններով: Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար»,- նշել էր ՀՀ ԱԳՆ-ն։

Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ ուղղված հակամարտության կարգավորմանը՝ միջազգային հանրության պահանջներին համապատասխան: «Հայաստանի ԱԳՆ-ի հուզական և նույնքան հակասական հայտարարությունը հայկական և ադրբեջանական ԶՈՒ շփման գծում իրավիճակի մասին արտացոլում է իրենց երկրում ներքին իրավիճակի շուրջ հայկական ղեկավարության արձագանքը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև պնդել է, որ մարդկային կորստի և փոխադարձ տարաձայնությունների «միակ մեղավորը» Հայաստանն է:

Ուշագրավն այն է, որ իրավիճակի սրումը շփման գծում, ինչպես նաև դրան հաջորդած դիվանագիտական «փոխհրաձգությունը» տեղի է ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցից հետո, որի ընթացքում, ըստ նրանց տարածած հայտարարության, կողմերին ներկայացվել էին կոնկրետ առաջարկներ մարդասիրական ծրագրերի իրականացմանն ընդառաջ։

Ավելին, մինչ այս դիվանագիտական փոխհրաձգությունն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել էր, որ Ադրբեջանը Հայաստանին ժամանակ էր տվել, որպեսզի ուսումնասիրեն, հիմա այդ ժամանակը սպառվել է։ Ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ դա բանակցողին վայել չէ։ Նա նաև տեղեկացրել էր, որ կկարողանանք շուտով ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ բանակցային գործընթացում բավականին անհասկանալի իրավիճակ է, որովհետև կա և՛ փակ, այսինքն՝ գաղտնի բաղադրիչ, և՛ հակասական հայտարարություններ, և՛ ծրագրերի մասին քննարկումներ, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից պաշտոնապես շրջանառության մեջ դրված Մադրիդյան սկզբունքներ, և՛ հայաստանյան ներքաղաքական զարգացումներ։ Բնականաբար, ըստ նրա, գաղտնիք չէ, որ հակամարտող երկրները մեծ ուշադրությամբ հետևում են ներքաղաքական զարգացումներին, ժամանակ առ ժամանակ փորձում նաև դիվիդենտներ քաղել դրանից։ Ուստի, նրա խոսքով, ադրբեջանական արձագանքն այդ կոնտեքստում է պետք ընկալել։

«Մենք միշտ ասել ենք, որ այդ հանգամանքը պետք է հաշվի առնել ներքին քաղաքականությունը վարելիս, ինչո՞ւ ոչ՝ նաև արտաքին, քանի որ տարածաշրջանում պատերազմն ավարտված չէ։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել պատերազմի ցանկությունից, պարզապես այս կամ այն փուլում չի ունեցել աջակցություն աշխարհաքաղաքական կենտրոններից, ունեցել է լարված հարաբերություններ Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ։

Բայց Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը ժամանակ էր տվել, թույլ է տալիս ենթադրել, որ Դուշանբեն, դրան հաջորդած հանդիպումները և սահմանին խաղաղությունը հիմնված էր Ադրբեջանի ցանկության վրա՝ ստանալ զիջումներ բանակցային սեղանին ՀՀ նոր իշխանություններից։

Մենք չգիտենք, թե փակ դռների ետևում ինչ հարցեր են քննարկվել, ինչպես են կողմերը փոխում կամ ձևավորում իրենց դիրքորոշումները, ինչ հանգամանքների ներքո, բայց ես ներկայումս դժվար եմ գտնում տրամաբանական թելը։

Շատ են միմյանց հակասող հայտարարությունները հայկական կողմում, ներքաղաքական խժդժությունները ևս կարող են օգտագործվել ի վնաս հայկական կողմի, դավադրության մասին խոսակցությունները, որոնք ես անձամբ անհիմն եմ համարում, քանի որ Ղարաբաղում մարդիկ պայքարել են իրենց սահմանները պահելու համար»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նա նշեց, որ բանակցային օրակարգում մարդասիրական ծրագրերի օրակարգն ավելի դրական է համարում, քան Մադրիդյան սկզբունքները։ «Ավելի լավ է աշխատել այս ծրագրերի ուղղությամբ, քան քննարկել նման ծրագրեր, որոնք է՛լ ավելի են սրելու իրավիճակը և որևէ լուծման չեն հանգեցնելու»,- ասաց նա։

Ռուս վերլուծաբանի խոսքով, չպետք է զգոնությունը կորցնել ներքաղաքական զարգացումների ընթացքում՝ մշտապես հիշելով, որ Ղարաբաղն ամենակարևոր և հանգուցային խնդիրն է Հայաստանի համար, և շփման գծում տիրող իրավիճակը դրա ահազանգերից մեկն է։

Իր հերթին՝ ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ներքաղաքական բաղադրիչը միշտ էլ գոյություն է ունեցել ԼՂ հակամարտության գործընթացում։ «Բայց հեղափոխության ընթացքում կարող էր լինել էսկալացիա շփման գծում, սակայն տեղի չունեցավ, քանի որ հետհեղափոխական փուլից Ադրբեջանն ուներ բանակցային սպասելիքներ, քանի որ բոլորին է հայտնի, որ պատերազմական ճանապարհը լի է լինելու անկանխատեսելի կորուստներով հակամարտող երկրների և տարածաշրջանի համար։ Ուստի Ադրբեջանը որոշեց այդ ճանապարհով ընթանալ։

Ներկայումս բանակցային գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ չկան անիրատեսական ակնկալիքներ՝ կա որոշակի պրոցես բանակցություններում և առավել ակտիվ ու վտանգավոր շփման գիծ։ Կիսապատերազմական իրավիճակում յուրաքանչյուր պատճառ, պատրվակ կարող է օգտագործվել կողմերի կողմից։ Ուստի ինքս չփորձելով խորը վերլուծություններ անել դավադրությունների հնարավորության մասին՝ կասեմ, որ ներքին քաղաքականությունն ու արտաքին քաղաքականությունն այս դեպքում առավել քան շաղկապված են, և ավելորդ զգուշավորությունը ոչ մի կողմի չէր խանգարի»,- ասաց Ֆելգենգաուերը։

Նրա համոզմամբ՝ պատերազմի վերսկսման դատողություններ անելիս պետք է հիշել 2016 թվականի ապրիլյան պատերազմը, երբ շատերը բացառում էին նման գործողությունների մեկնարկ։ «Նման բան ոչ մի դեպքում չի կարելի բացառել, քանի որ կողմերը պատրաստվում են պատերազմի։ Եվ իսկապես շփման գծում յուրաքանչյուր փոխհրաձգություն կամ արձակված կրակոց կարող է լուրջ խոչընդոտ դառնալ հետագա բանակցային հանդիպումների համար»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել