Hraparak.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը քննել է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը, ինքնաբացարկ է հայտնել: 

«Հրապարակ»-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանն ասաց, որ ոչ պաշտպանական, ոչ էլ մեղադրանքի կողմը նման միջնորդությամբ հանդես չի եկել․ «Որ Սիլվա Համբարձումյանի անունն էր շոշափվում, ինքն եկավ, հարցրեց կողմերի դիրքորոշումը իրեն բացարկ հայտնելու հետ կապված: Բոլորս ասացինք, որ չենք ուզում, շարունակեք, ավարտեք: Ինքը գնացել էր որոշում կայացնելու, մենք հույս ունեինք, որ գործի վերաբերյալ պիտի կայացնի, բայց էսօր իմացանք ինքնաբացարկ է հայտնել»:

Պաշտպանի խոսքով՝ իրենք սպասում էին, որ խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ Դավիթ Գրիգորյանը պետք է հրապարակեր գործի վերաբերյալ որոշումը, սակայն  անսպասելին է տեղի ունեցել․ «Ինքը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, մենք հասկացանք, որ վերջացավ, գնում ա որոշում կայացնի արդեն, բայց գնաց ինքնաբացարկ արեց իրեն: Ես չեմ տեսնում այդ հիմքերը, եթե տեսնեի, ապա ինքս կասեի ինքնաբացարկ: Մի հատ որոշումը ստանանք, ավելի հստակ կիմանանք»:

Նշենք, որ դեռեւս հայտնի չէ, թե սույն գործն որ դատավորին է վերամակագրվել:
Հիշեցնենք, որ դատավոր Գրիգորյանը ինքնաբացարկի հիմքում այն հանգամանքն է դրել, թե ինքը քննել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, եւ կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա քննության համար: Ըստ դատավորի` երկու գործերով էլ կա փոխկապացված անձ՝ գործարար Սիլվա Համբարձումյանը: 

Նա և Քոչարյանի, և Հարությունյանի գործով հանդիսանում է նրանց կաշառք տված անձ:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ 
Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: 

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել