Սորոսի շուրջ ծավալվող իրադարձությունները չեն կարող չհետաքրքրել մեզ բոլորիս։ Ի վերջո այս քայքայիչ համբավ ունեցող կազմակերպությունը շատ ակտիվորեն արգելափակում են աշխարհի տարբեր անկյուններում՝ քաջ գիտակցելով իր վտանգավորության աստիճանը։ 

Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, շատ լուրջ ջանք և եռանդ են դնում այդ կազմակերպությունը պաշտպանելու համար։ Պատճառները, իհարկե, շատ են։ Նախ` պետք է նշել ամենակարևորը, ուզենք մենք, թե ոչ, բայց այսօր Սորոսը հանդիսանում է մեր իշխանության մի մեծ բաժնի փայատեր։ Սա անխուսափելի էր։ Եթե հետ գնանք և վերհիշենք «հեղափոխության» օրերը, ապա շատ ակներև կտեսնենք, որ այդ օրերին ներկայիս վարչապետին սկսեցին միանալ թե՛ աղանդավոր, թե՛ օտարերկրյա և թե՛ ներքին ուժեր, որոնք ճիշտ գնահատեցին պահը և ճիշտ ժամանակին հայտնվեցին ճիշտ տեղում։ Ակնհայտ էր, որ իշխանության եկած անձը չուներ ձևավորված թիմ և ստիպված դիմելու էր հեղափոխության աջակիցներին թե՛ Ազգային ժողովի, թե՛ կառավարության ձևավորման հարցում, ինչը և տեղի ունեցավ։ Արդյունքում հաստատվեց փայատիրական իշխանություն, ուր յուրաքանչյուր խաղացող ունի իր փայաբաժինը։ Սա, իհարկե, կործանարար չէր լինի, եթե բոլոր փայատերերն առնվազն կիսեին նույն հայանպաստ սկզբունքները, սակայն, ցավոք սրտի, դա այդպես չէ։ Հենց սրա արդյունք է այսօր տեղի ունեցող ներթիմային առճակատումները։ Սորոսի թևն ակնհայտորեն ցանկանում է հասնել Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ օգտագործելով իր ողջ զինանոցը։ Շատ հետաքրքրական է տեսնել, թե ինչպես են Սորոսի ֆեյքերը պայքարում իշխանության մի զանգվածի դեմ։ Դրանք այն նույն ֆեյքերն են, որոնք անխնա մրում են վարչապետին որևէ դառը բառ ասողին։ Իրենք քաջ գիտակցում են, որ միմիայն վարչապետի երկար պաշտոնավարումն է իրենց նպատակների իրականացման ճանապարհը, այդ իսկ պատճառով, թիրախավորելով վարչապետի որոշ մերձավոր գործիչներին, չեն մոռանում անընդմեջ ռեվերանսներ անել վարչապետին՝ ցույց տալով իրենց անվերապահ աջակցությունը։ Այսօր մենք ականատեսն ենք մի իշխանության, որը գրեթե բոլոր ոլորտներում ունի ներթիմային հակասություններ, չունի հստակ արտաքին քաղաքականություն և լուրջ ռեսուրսներ է ծախսում իր ներքին հարցերի լուծման համար։ Կասկած չունեմ, որ շուտով այդ առճակատումները բերելու են շատ լուրջ ներիշխանական վերադասավորումների, որոնց արդյունքում «հեղափոխությանը» աջակցած մի քանի ուժեր դուրս են մղվելու։ Պարզ է նաև, որ այդ ողջ ընթացքում հանրությանը հայտնի են դառնալու «հեղափոխության» ընթացքում տեղի ունեցած շատ ուշատ ոչ այդքան ականջահաճո դրվագներ, որոնք անխուսափելիորեն բացահայտելու են իշխանությունից դուրս մղվող ուժերը՝ այդպիսով մուռ հանելով իրենց փայից զրկելու համար։ Մենք դառնալու ենք արդեն ներիշխանական շատ հնչեղ բացահայտումների վկա։ Սակայն այս ամենի մեջ ամենաշահեկան վիճակում հենց Սորոսն է, քանի որ տարիների ընթացքում նա ապահովել է իր ներկայությունը գրեթե բոլոր այսօրվա փայատերերի մոտ և դեպքերի ցանկացած զարգացման դեպքում նա ունի իր հենարանները, որոնք անխուսափելիորեն առաջ կտանեն իրենց օրակարգը։ 

Այստեղ մնում է մեկ հարց․ ո՞րն է Սորոսի և նմանատիպ այլ օտարերկրյա գործակալների օրակարգը։ Ինչքան էլ մեզ դա տհաճ է լսել, բայց կրկին ամեն ինչ տանում է դեպի մեծ գումարներ։ Իրականում Հայաստանն այս տարածաշրջանում շատ լուրջ խանգարում է թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Եվրոպային։ Մենք բավականին լուրջ խոտան ենք Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, որը նաև շատ է պետք ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ վերջնականորեն հարցերը լուծելու համար: Այս պահին դա անիրատեսական է, քանի որ Ռուսաստանը համարվում է Եվրոպայի էներգետիկ ամենալուրջ մատակարարը։ Մենք ընկել ենք մի քանի գերտերությունների շատ լուրջ աշխարհաքաղաքական խաղի մեջ և պետք է փորձենք դուրս գալ այդ խաղից մինիմալ կորուստներով, ինչը չափազանց բարդ է լինելու։ Սակայն մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ այսօր մենք չենք խաղում, մենք ուղղակի պարտվում ենք, ավելի ճիշտ ասած՝ ձեռքներս օդ բարձրացրած սպասում ենք, թե ինչ կլինի։ 

Ակնհայտ է, որ հասարակության գերակշիռ մասը չի գիտակցում այս ամենի վտանգավորության աստիճանը և ավելի շատ ուրախանում է նախկիններին պատժելու մասին լուրերով և տեսարժան նյութերով։ Նրանք չեն գիտակցում, որ իրականության մեջ բավականին մեծ արագությամբ ոչնչանում են ազգային գաղափարական բոլոր հենարանները։ Դա իրոք արվում է բավականին պրոֆեսիոնալ և լավ մշակված սցենարի ներքո՝ եկեղեցի, բանակ, Արցախ և այլն։ 
«Հեղափոխություն» բառն էլ հենց այդպես չի օգտագործվել, կար հստակ պահանջ այն կիրառելու։ Երբ ունես հեղափոխություն, անխուսափելիորեն կունենաս հակահեղափոխություն, որին, իհարկե, պետք է բոլոր հնարավոր և անհնար ձևերով ոչնչացնես։ Եվ ցավն այն է, որ այդ ոչնչացման գործընթացքում աջակից է ժողովրդի մի մեծ զանգված, որն իր հերթին դեռևս էյֆորիկ վիճակում է։ Այստեղ մեղադրելու բան չկա։ Ի վերջո մեր հասարակությանը տարիներ շարունակ պատրաստել են այս վիճակին։ Սորոսի և այլ գործակալների միջոցներով ֆինանսավորվող անձինք և կազմակերպություններն անցած տարիների ընթացքում ճիշտ խմբաքանակներով և մտածված ժամանակահատվածներով ներարկել են ՍՈՒՏԸ։ Տարիների ընթացքում այդ սուտը դառել է ճիշտ։ Ինչպես ասում են, 100 անգամ ասած սուտը ճիշտ է։ Եվ հենց այդ «ճշտով» լցված մեր հայրենակիցների մի մեծ մաս դեռ չի գիտակցում այսօրվա իրականացվող գործընթացների կործանարար և քայքայիչ էֆեկտը։ Տրանսգենդերին Ազգային ժողով բերելը, երեխաներին սեռական դաստիարակման գրքերը տարածելը և այլ քայլերն ուղղակի ուշադրությունը շեղելու միջոց են։ Մենք՝ որպես երկիր, շատ ավելի բարդ և վճռական խաղի մեջ ենք, որտեղ պետք է բոլորս համախմբվենք և կրկին ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք խորը, խոհեմ և անզիջում ազգ ենք, ինչը մենք մի անգամ արեցինք Արցախի ազատագրմամբ։ 

Հիշեք մեկ պարզ ճշմարտություն․ Սորոսը բիզնես է, և ցանկացած պրոյեկտ ունի իր բիզնես շահը։ 

Պայքարը դեռ նոր է սկսվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել