Aravot.am-ը գրում է.

Առանց հայեցակարգի՝ վեթինգի մասին օրենքի նախագիծն արդյունք չի տա:  Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նա հիշեցրեց՝  մայիսի 24-ից հետո, երբ անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումներ եղան,  որոշվել էր՝ պետք է մշակվեր հայեցակարգ, որով հստակեցվելու էր՝  արդյոք անցումային արդարադատությունը կիրառվելու է Հայաստանում, թե՝ ոչ, ի՞նչ գործիքակազմով է կիրառվելու, դրա մեջ վեթինգը մտնո՞ւմ է, թե՝ ոչ. «Ապա այդ հայեցակարգը դրվեր շրջանառության մեջ, դրա շուրջ քաղաքական ուժերի, նաեւ՝ արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության մասնագիտացված կառույցների հետ ձեռք բերվեր որքան հնարավոր է լայն համախոհություն, եւ ապա այն շրջանառել հանրության շրջանում: Որովհետեւ հանրությունը պետք է տեղյակ լինի եւ հասկանա՝ ինչ է անցումային արդարադատությունը, ինչ գործիքներով է  կիրառվելու եւ օգուտը որն է լինելու»:

Զադոյանն ասաց, ինքը տեղյակ չէ՝ այդ հայեցակարգը պատրաստվե՞լ է, թե՝ ոչ:  Բայց, ինչպես Զադոյանն ասաց, մամուլից տեղեկացել է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն   ասել է՝ Վեթինգի մասին նախագիծը գրեթե պատրաստ է.«Ես սա չեմ ողջունում, որովհետեւ առանց հայեցակարգի վեթինգի նախագիծը արդյունք չի տա, քանի որ դա համակարգային մոտեցում չի պարունակում: Պետք է սկզբից լինի հիմնարար փաստաթուղթ, հասկանանք, ասենք՝ դա ինչ խորը սինեգիաների մեջ է լինելու դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների, հակակոռուպցիոն գործընթացի հետ, նոր դրանից հետո առանձին գործիքների մասին խոսք գնա»:

Վեթինգի ներդրման անհրաժեշտության եւ անցումային արդարադատության մասին  առավել ակտիվ սկսեցի խոսել, երբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվեց եւ նա ազատ արձակվեց: Այս առնչությամբ, Զադոյանն ասաց՝  այդ գործընթացները կապված չեն Քոչարյանի հետ, անցումային արդարադատության անհրաժեշտության մասին ավելի վաղ է խոսվել: 

Մանրամասն՝ տեսանյութում 

Aravot.am-ի այն հարցին էլ՝  ովքե՞ր են լինելու այն «հրեշտակները», որոնք դատավորներին վեթինգի են ենթարկելու, Զադոյանը պատասխանեց.«Վեթինգ իրականացնողներն իրենք էլ պետք է վեթինգ անցնեն ու նույն այն չափորոշիչներով, որոնք կիրառվելու են դատավորների նկատմամբ: Կարծում եմ հասարակությունում կգտնվեն այդպիսի բարեխիղճ անձինք, որոնք իրենց կենսագրությունով կամ իրենց գործունեությամբ ապացուցած կլինեն ազնվությունն ու հանրության համար վստահելի կլինեն»:

Զադոյանի կարծիքով՝ այդ գործընթացը պետք է հետեւողական լինի եւ որ ամենակարեւորն է համակարգային, որպեսզի իսկապես արդյունք լինի:

Մանրամասն՝ տեսանյութում 




Ըստ Զադոյանի, վեթինգը ներդնելու առաջ պետք է հանրությանը տեղեկացնել՝ ինչ գործիքակազմ է  կիրառվելու, ինչ նպատակ ունի, եւ քանի որ անցումային արդարադատությունը հենց հանրային համերաշխությանն է ուղղված, իսկ տեղեկատվության պակասը կարող է տարբեր վախեր եւ ռիսկեր առաջացնի: 

Մանրամասն՝ տեսանյութում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել