Aysor.am-ը գրում է.

Թեև երեխաներն ու նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն տարին 12 ամիս, սակայն, այնուամենայնիվ, փոքրիկներն էլ օրացույցում իրենց պաշտպանության օրն ամրագրող կարմիր շրջանակ ունեն՝ հունիսի 1:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ընդգծում է՝ իրենց աշխատանքի շեշտադրումն առաջնահերթ դրված է հանցագործությունների, իրավախախտումների կանխարգելման վրա:

Ոստիկանության ամենօրյա կանխարգելիչ աշխատանքների արդյունքում անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցող հանցագործությունների թիվը տարեցտարի նվազում է:

- Տիկին Դուրյան, երկու օր առաջ նշվում էր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանում երեխաների իրավունքներն ինչքանո՞վ են պաշտպանված մեր օրերում:

- Գիտեք, եթե խոսեմ ոստիկանության անունից, կարող եմ նշել, որ իսկապես, հունիսի 1-ը մեզ համար տոն է, քանի որ այդ օրը նշում ենք երեխաների հետ, երեխաների համար: Այս տարի էլ բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել այն երեխաների համար, ովքեր մեր տեսադաշտում են հայտնվել, ովքեր հաշվառված են, հաճախում են ցերեկային կենտրոններ, անապահով ընտանիքից են… Ինչ վերաբերում է երեխաների իրավունքների պաշտպանությանը, պետք է ընդգծեմ, որ մենք ունենք բավականին լավ օրենքներ: Ունենք մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կարողություններ, հմտություններ ու դրանք օգտագործում են ի նպաստ երեխաների: Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, նաև՝ հասարակությունն ուշադիր ու սրտացավ լինեն, անտարբերություն չցուցաբերեն, ապա երեխաներն անխոցելի կլինեն:

- Ծնողների՝ հատկապես մայրիկների կողմից, երեխաներին դաստիարակելու կամ պատժելու միջոց հաճախ հանդիսանում է ապտակը, հարվածելը: Եվրոպայում դա կոչվում է բռնություն: Հայաստանում ո՞րն է սահմանը դաստիարակչական ապտակի ու երեխայի նկատմամբ կատարված բռնության միջև, նման ահազանգեր շա՞տ եք ունենում:

- Կարծում եմ՝ մեզ մոտ էլ բավական բան փոխվել է. արդեն ունենք ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի օրենք, որի կիրառմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ սկսած երեխայից, կարող է հնարավորինս պաշտպանված լինել: Անդրադառնալով ծնողների կողմից կիրառվող դաստիարակչական մեթոդներին՝ կարծում եմ՝ այդ առումով էլ փոփոխություններ կան: Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, նման դեպքերն արդեն ի հայտ են գալիս: Իրավիճակը վերլուծելով՝ կարող ենք ասել, որ ֆիզիկական բռնության ենթարկված երեխաների թիվը փոքր է: Ավելի շատ կանայք են ահազանգում: Բայց ասեմ, որ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնարարների մեջ նաև կանայք կան: Ուզում եմ չմոռանանք, որ բռնության մասին ահազանգող գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա 1 կամ ավելի երեխա: Ու այդ երեխան, եթե նույնիսկ ֆիզիկական բռնության չի ենթարկվում, ապա հոգեբանական բռնության ենթարկվում է անպայման: Չէ՞ որ նա ամեն օր տեսնում է կռիվ, ծեծ, ջարդ, ինչից երեխայի հոգեբանությունը շեղվում է:

- Ո՞ր տարիքի երեխաներն են ամենաիրավախախտներն, արդյոք մինչև 18 տարեկան բոլոր երեխաների  դեպքում միևնույն պատժամիջոցներն են կիրառվու՞մ:

- Ծանր և միջին հանցագործությունների համար քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել 14 տարեկանից սկսած երեխաները: Հանցագործություն կատարող երեխաների գերակշիռ մասը հիմնականում հենց 15, 16, 17 տարեկան անչափահասներն են: Ավելի փոքր տարիքի երեխաների մոտ դեպքերը եզակի են: Հազվադեպ՝ 11 տարեկաններն են հայտնվում կիզակետում: Դա տարվա կտրվածքով մեկ, երկու երեխա է լինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել