168.am-ը գրում է.

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էին մայիսի 30-ին Սևանի մայրուղում տեղի ունեցած միջադեպին և նշել, որ այն կրում է քաղաքական բնույթ, որի պատվերը տվել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նրանք հերքել են, որ միջադեպն ունի կենցաղային բնույթ, ինչպես ասել էր Ա. Հարությունյանը։

Ս. Բաբայանի համակիրները նաև նշել էին, որ այսօր Արցախում հետաքրքրվում են, թե արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սատարում է Արայիկ Հարությունյանին, թե՞ ոչ։

168.am-ը «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանից հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանը սատարո՞ւմ է Արայիկ Հարությունյանին։

«Դրա հետ կապված որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել, ուստի չգիտեմ՝ ինչու է նման կարծիք ձևավորվել»,- տեղեկացրեց Վ. Պողոսյանը։

Անդրադառնալով Սամվել Բաբայանի համակիրների կողմից հնչեցրած հայտարարությանը, թե Արայիկ Հարությունյանն իր քարոզարշավի ժամանակ կիրառում է վարչական ռեսուրս, մեր զրուցակիցն ասաց՝ այդ հայտարարությունը հերյուրանք է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի հասցեին և չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ա. Հարությունյանը որևէ պետական պաշտոն այս պահին չի զբաղեցնում։

«Սուտ տեղեկություններ տարածելով՝ փորձում են ասել, թե իբրև «Ազատ հայրենիք» կուսակցությունը սեփական ռեսուրսներ չունի։ Բայց այսօր Արցախում յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ մեր կուսակցությունն ունի ամենամեծ մարդկային ռեսուրսը, ունենք ավելի քան 6 հազար կուսակիցներ, որոնք տեղերում բավականին ակտիվ գործունեություն են իրականացնում։ Հենվելով մեր մարդկային ռեսուրսի վրա, կարողանում ենք բոլոր տեղերում ապահովել մարդաշատ հանդիպումներ։ Սամվել Բաբայանի վերջին մեկ տասնյակից ավելի հանդիպումներին մենք տեսնում ենք, որ բավականին քիչ մարդիկ են ներկա լինում, և նրանք փորձում են կրկին մեղքը գցել մեր կուսակցության վրա։ Նրանց այդ հայտարարությունն այսպես եմ որակում, այն որևէ այլ բացատրություն չունի»,- շեշտեց Վահրամ Պողոսյանը։

Ս. Բաբայանի համակիրները նաև պատրաստակամություն էին հայտնել Արայիկ Հարությունյանի հետ համատեղ մամուլի ասուլիսով հանդես գալ, որպեսզի մարդիկ տեղեկանան, թե Արցախում ինչ է կատարվում։

Վահրամ Պողոսյանը բացառեց, որ Ա. Հարությունյանը կարող է նրանց հետ համատեղ մամուլի ասուլիսով հանդես գալ, քանի որ չգիտեն, թե ովքեր են Սամվել Բաբայանի համակիրները։

«Այդ մարդիկ ամենայն հավանականությամբ մասնակից են ինչ-որ հանցագործության, և մենք նրանց հետ համատեղ ասուլիսով հանդես գալու, առավել ևս բանավիճելու կարիք չենք տեսնում։ Իհարկե, կանխակալ վերաբերմունք չենք ուզում հայտնել, գործի քննությունն ամեն ինչ կպարզի»,- ընդգծեց Վ. Պողոսյանը։

Հարցին, թե ի՞նչ է տեղի ունենում Արցախում, ի՞նչ նկատի ունեին Սամվել Բաբայանի համակիրները, մեր զրուցակիցը նկատեց՝ Արցախում տիրում է լավ տրամադրություն, հատկապես այսօր օրերին տրամադրությունը սպորտային է, քանի որ Արցախում մեկնարկել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունը։

«Սամվել Բաբայանի այդ համակիրները փորձում են սադրանքներ հրահրել, մանր դիվիդենտներ շահել, բայց մենք չենք պատրաստվում տրվել սադրանքների»,- եզրափակեց Վահրամ Պողոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել