168.am-ը գրում է.

600-ից ավելի մարդ է զոհվել, եւս ավելի քան 3,2 հազար հոգի վերքեր ստացել Լիբիայի Տրիպոլի քաղաքի շուրջ շարունակվող հակամարտության հետեւանքով: Այդ մասին ասված է երկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստորաբաժանման հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր 562 զոհվածների եւ 2855 վիրավորների մասին:

«Ընդամենը Տրիպոլիում ճգնաժամի հետեւանքով այս պահի դրությամբ զոհվել է 607 մարդ, ներառյալ 40 խաղաղ բնակիչ, եւ վիրավորվել 3261 մարդ, ներառյալ 117 խաղաղ բնակիչ»,-նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է կազմակերպության Twitter-ում:

Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆ Հաֆթարն ապրիլի 4-ին հրամայել է իր ուժերին՝ հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար:

Տրիպոլիի կառավարությանը լոյալ զինված կազմավորումները հայտարարել են «Ցասման հրաբուխ» պատասխան գործողությունն սկսելու մասին: 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից ու սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարեց գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն:

Արեւելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, իշխում են ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ստեղծված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ:

Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել