«Հրապարակ» կայքն այսօր կեղծ տեղեկություն է տարածել «ԼԵԶՈՒԴ ՇԱՏ ԵՐԿԱՐ Ա. ԱԴԵԿՎԱԴՆԵՐԸ՝ ԼՐԱԳՐՈՂԻՆ» վերտառությամբ հոդվածում:

Ապատեղեկատվություն առկա է ինչպես նյութի վերնագրում, այնպես էլ՝ բովանդակության մեջ, ուստի հարկ եմ համարում նշել, որ․

1. «Ադեկվադը» հայտնել է իր զորակցությունը ակցիային, բայց չի հանդիսանում տվյալ ակցիայի կազմակերպիչ:

2. «Ադեկվադ» ՀԿ ու կուսակցության նախաձեռնող խմբի անդամներից տվյալ ակցիային մասնակցել են Ազատ Ադամյանը, Արթուր Դանիելյանն ու ես` Կոնստանտին Տեր-Նակալյանս, և մեզանից ոչ ոք չի կոպտել որևէ լրագրողի: Անձամբ ես նաև շնորհակալություն եմ հայտնել «Հրապարակի» լրագրողին իր աշխատանքի համար:

3. Չնայած նրան, որ տեսանյութում պատկերված անձը «Ադեկվադ» ՀԿ անդամ չէ, հավաստիացնում ենք, որ լրագրողական էթիկան նման կոպտագույն ձևով խախտող լրագրողները կարող են պակասը մեզնից չակնկալել, որովհետև այն պահից, երբ լրագրողը դուրս է գալիս լրագրողական էթիկայի ու գործունեության սահմաններից, պետք չէ ակնկալել, որ մարդկանց պատասխանը համարժեք չի լինելու: Օրինակ` քաղաքացուն ուղղված «Ես ձեզ խղճում եմ» արտահայտությունը որևէ կերպ չի տեղավորվում լրագրողական էթիկայի սահմաններում:

Հոդվածում տեղ գտած ապատեղեկատվության հետ հետագա անելիքը թողնում ենք «Հրապարակի» խմբագրության հայեցողությանը, որովհետև ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դրվագն է, երբ մեր նկատմամբ կիրառվում են սուտ, կեղծիք և մանիպուլյացիա:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել