168.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը առաջարկում է արգելել նոր փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու նպատակով  որոշ  գետերում ջրօգտագործման թույլատվության տրամադրումը: ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Սրանով փորձ է արվում կարգավորել փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման ոլորտում թույլատվությունների տրամադրման և մերժման հիմքերը: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել որոշակի գետահատվածներում և գետերում ջրօգտագործման թույլատվությունների տրամադրումը: Մասնավորապես փոքր հիդրոէլեկտրոկայանների ջրօգտագործման թույլատվության տրամադրումը արգելվում է այն դեպքերում, երբ ՀԷԿ-ի կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա, որտեղ առկա են ՀՀ-ի Կամիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերը  և այն գետերը, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով գերազանցում է 40 տոկոսը: Նաև այն գետերը, որտեղ կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը»,-ներկայացրեց Գրիգորյանը:

Հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, գետի հոսքի ձևավորման տարածքներում և գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային հատվածներ, ինչպես նաև անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհները կառուցելու նպատակով անհրաժեշտություն կառաջանա հատել ծառեր:

Նախագծով նախատեսվում է կարգավորել նաև ջրօգտագործման թույլատվության ժամկետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել