Armenpress.am-ը գրում է.

Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը չի բացառում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ երկրում կառավարող կոալիցիայի փլուզումն այն բանից հետո, երբ Անդրեա Նալեսը հայտարարեց ԳՍԴԿ-ի նախագահի եւ Բունդեսթագում նրա խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու որոշման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հունիսի 3-ին հայտնել Է Bild թերթը՝ վկայակչելով սեփական աղբյուրներ:

Պահպանողականները կարծում են, որ ԳՍԴԿ-ն շուտով կարող Է առավելագույն պահանջներ առաջադրել կառավարական օրակարգի հանգուցային թեմաների շուրջ, որոնք համատեղելի չեն լինի ՔԴՄ-ի եւ ՔՍՄ-ի դիրքորոշումների հետ: Դա գործնականում կնշանակի «Մեծ կոալիցիայի» վերջը:

ՔԴՄ-ի առաջնորդ Անեգրետ Քրամփ-Քարենբաուերի շրջապատում նույնպես չեն բացառում, որ ԳՍԴԿ-ի պաշտոնի համար պայքարի պայմաններում սոցիալ-դեմոկրատները կարող են իրենց անդամների շրջանում քվեարկություն անցկացնել այն բանի շուրջ, թե իրենք պետք Է արդյոք շարունակեն մասնակցել կառավարությանը: Դա միանգամայն իրական կլինի, եթե ԳՍԴԿ-ում կոալիցիայի հակառակորդների ճամբարն իր թեկնածուին առաջադրի նոր առաջնորդի պաշտոնի համար:

Նալեսը հունիսի 2-ին հայտարարել Է ԳՍԴԿ-ի նախագահի եւ Բունդեսթագում խմբակցության ղեկավարի պաշտոնները թողնելու մասին՝ եվրաընտրություններում կուսակցության ձախողման լույսով, որտեղ սոցիալ դեմոկրատները երրորդ տեղն են գրավել Գերմանիայում՝ 2014 թվականի համեմատությամբ կորցնելով մոտավորապես 12 տոկոսային կետ: Բացի այդ, ԳՍԴԿ-ն ավելի քան 70 տարվա ընթացքում առաջին անգամ տանուլ են տվել Բրեմենի դաշնային երկրամասի խորհրդարանի ընտրությունները, որտեղ հաղթանակ են տոնել քրիստոնյա դեմոկրատները:

ԳՍԴԿ-ի բազմաթիվ անդամներ կարծում են, որ Անգելա Մերկելի կառավարությանը կրտսեր գործընկերոջ իրավունքներով մասնակցելը վնասում Է կուսակցությանը, եւ կոչ են անում դուրս գալ կոալիցիայից: Ինչպես սպասվում Է, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Մալու Դրայերը՝ Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասի վարչապետը, իսկ Բունդեսթագում ԳՍԴԿ-ի խմբակցության ղեկավարինը՝ Ռոլֆ Մյուտցենիխը՝ Նալեսի ներկայիս տեղակալը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել