Հայկականության հիմնական առանցքի՝ Հայ առաքելական եկեղեցու երկփեղկումը ցավալի երևույթ էր, բայց պատմական որոշակի ժամանակահատվածներում նաև դրական դերակատարություն ուներ: Այսպես՝ խորհրդային ամբողջատիրության շրջանում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի դերն անգնահատելի էր բոլշևիկյան վերահսկողությունից դուրս գտվող Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի հայաշատ գաղթօջախներում թե՛ հայապահպանության, թե՛ ազգային կյանքի կազմակերպման և թե՛ հայրենիքի գաղափարը վառ պահելու համատեքստում:

Բայց մեր օրերում ակնհայտ է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մասով տարակուսելի խնդիրներ կան: Եթե նախկինում կար Արամ Վեհափառի քննադատական խոսքը՝ որպես սփյուռքից հայ քրիստոնեական վարդապետության և հայկականության համահավաք խղճի բարձաձայնում առ Հայաստանում առկա խնդիրների թիրախավորում, յուրահատուկ և զգոնացնող ահազանգ, ապա այսօր կա լոկ քար լռություն: Հասել ենք այնտեղ, որ Հայաստանում իշխանությունների անգործության պայմաններում ամբոխը գրոհում է Սուրբ Էջմիածինը, ֆիզիկական հարձակման ենթարկում Ամենայն հայոց կաթողիկոսին, և զրո արձագանք Արամ Վեհափառից: Հասել ենք այնտեղ, որ ամբոխը Երևանի կենտրոնում հարձակվում է թոռնիկների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա, և զրո արձագանք Արամ Վեհափառից: Առնվազն տարօրինակ է և տարակուսելի Արամ Վեհափառի լռության փաստը: Ինչո՞վ է պայմանավորված այս անտարբերությունը, ինչի՞ց է վախենում Արամ Վեհափառը, ի վերջո՝ արդո՞ք քաղաքական շահեր չի սպասարկում Արամ Վեհափառը:

Մենք՝ Հայ առաքելական եկեղեցու զավակներս, իրավունք ունենք իմանալու վերը նշված իրադարձությունների վերաբերյալ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի դիրքորոշումը, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց հանուն ճշմարտության և հանուն մեր փրկության...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել