«Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։ Համաձայն հրապարակված վարկանիշավորման՝ Հայաստանի Հանրապետության համար քաղաքական ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է բարձր ռիսկային, իսկ կանխատեսումները՝ բացասական։ Այդպիսով, «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը կոչ է արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին ու դոնորներին խուսափել ՀՀ-ում ներդրումներ և ֆինանսական գործառնություններ իրականացնելուց, քանի որ մեծ է հավանականությունը, որ ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տարբեր քաղաքական գործոններից։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է ֆեյսբուքյան գրառումներով անդրադառնալ տարբեր միջազգային կառույցների՝ Հայաստանին տրված դրական գնահատականներին, այս դեպքում՝ կառավարության ղեկավարը լռում է, իշխանության տարբեր ներկայացուցիչների արձագանքները նույնպես բացակայում են, թեև գործ ունենք հեղինակավոր վերլուծության հետ։

Եթե նույնիսկ «Օքսֆորդ Անալիտիկսի» վերլուծությունը չլիներ, ակնհայտ էր, որ հետհեղափոխական Հայաստանում ներդրումային միջավայրը, մեղմ ասած, բարենպաստ չէ, ինչը բազմաթիվ բաղադրիչների հանրագումար է, որքան էլ վարչապետը բարձրաձայնի, թե տնտեսությունը լավ տրամադրություն ունի: Ենթադրում ենք՝ առաջիկայում կխոսվի տնտեսության հոգեկան առողջության կամ, ասենք, ֆիզիկական վիճակի մասին:

Գլոբալ առումով՝ Հայաստանում ավարտված չէ, այսպես կոչված, ադապտացիոն փուլը, այլ խոսքով, եթե դուրս գանք ակադեմիական ձևակերպումների կաղապարից, ապա Հայաստանը չի հաղթահարել պերմանենտ հեղափոխության ցիկլը։

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ թմբկահարում էր այն թեզը, որ Հայաստանում ներդրումներ չեն լինելու, քանի դեռ խորհրդարանական արտահերթ ընտրություններ չեն անցկացվել, այլ խոսքով՝ քաղաքական հարթության վրա ֆորմալիզացված չեն հեղափոխության արդյունքները։ Իհարկե, այս փաստարկը որևէ կերպ չէր հիմնավորվում, որովհետև վարչապետն ու նրա շրջապատը չէին բերում գեթ մեկ փաստարկ՝ ապացուցելու համար, թե նախկին ԱԺ-ն կառավարության տնտեսական կամ կառուցվածքային բարեփոխման որ փաթեթի ընդունումն է տորպեդահարել։ Նոր խորհրդարանը ձևավորվեց ու արդեն վեց ամսից ավելի գործում է, սակայն ներդրումային բում չկա, ավելին՝ սահմանադրական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն ու կառավարությունն այս ընթացքում չեն հասցրել անգամ Հարկային օրենսգիրքը բարեփոխել, ինչի հետևանքով օտարերկրյա ներդրողների համար տակավին անհասկանալի են տնտեսական խաղի կանոնները։

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարվեց տնտեսական հեղափոխության մասին։ Շատերիս մեջ հույսեր արթնացան, որ կառավարությունը վերջապես մի կողմ է թողնելու պոպուլիզմը ու զբաղվի կոնկրետ գործով, մարդկանց կյանքի որակը բարելավելուն միտված գործունեությամբ։ 

Սակայն մինչև հիմա անհայտ է, թե որոնք են տնտեսական հեղափոխության չափանիշները, որոնցով մեկ, երկու, երեք, հինգ տարիների կտրվածքով կարող ենք գնահատել Նիկոլ Փաշինյանի թիմի գործունեության արդյունավետությունը։ 

Հայեցակարգ պարզապես գոյություն չունի, ու կաբինետը հընթացս է փորձում բովանդակություն հաղորդել Նիկոլ Փաշինյանի հերթական գեղեցիկ կարգախոսին։ Փաշինյանի ավելի քան մեկ տարվա կառավարման ընթացքում մարդկանց կյանքի որակն ամենևին էլ չի բարելավվել, ու մեծ է մտավախությունը, որ տնտեսական հեղափոխություն կոչվածը ոչ թե ռացիոնալ ծրագիր է, այլ ժամանակի ընթացքում կարող է լինել գործիք, որով իրականություն դառնան սեփականության վերաբաժանման ու «կուլակաթափության» կոնկրետ գործողություններ։

Հիմա էլ մոդայիկ են խոսակցություններն անցումային արդարադատության ու վեթինգի մասին, այլ խոսքով՝ կրկին պետական համակարգը ենթարկվելու է ցնցումների, անհրաժեշտ բարեփոխումները փոխարինվելու են սուբյեկտիվ քմահաճություններով, ինչը հուշում է, որ ներդրումների չսպասենք գոնե առաջիկա տարիներին։

Առհասարակ՝ երկրներում, որտեղ հասարակությունները պարբերաբար սորտավորվում են, բաժանվում են «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», որտեղ գործադիր իշխանության հայացքի ներքո ձևավորվում է հնազանդ խորհրդարան կամ վարչապետի հրահանգով փակվում են դատարանների մուտքեր, պետք չէ ակնկալել տնտեսության զարգացում կամ ներդրումային բում։ Ոչ մի օտարերկրյա ներդրող չի ցանկանում հայտնվել պոտենցիալ «ասֆալտին պառկողի» կամ «պատին ծեփվողի» կարգավիճակում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել