«Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտարարեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկում Վահե Գրիգորյանին՝ վերջինս, ինչպես հայտնի է, «Մարտի 1-ի» գործով 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է եղել և նախկին ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը: Իհարկե, Եվրադատարանում «Մարտի 1-ի» գործերի մեծ մասը նախկին ընդդիմությունը պարտվել է՝ թույլ հիմքերի պատճառով, բայց Վահե Գրիգորյանին շատ շրջանակներ պրոֆեսիոնալ են համարում: Հատկանշական է փաստը, որ Վ. Գրիգորյանի թեկնածությունը ՀՀ նախագահն առաջադրեց այն բանից հետո, երբ ընդամենը մեկ օր առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությամբ մերժեց նրա հերթական թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին՝ հասկացնելով, որ կշարունակի նույն գործելաոճը, մինչև ՍԴ դատավորի պաշտոնում ներկայացվի ԱԺ-ի համար ընդունելի թեկնածու: 

Պատահական չէ, որ ԱԺ նախա­գահ Արարատ Միրզոյանն անձամբ ասել էր. «Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավա­սություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին: Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»: 

Եվ հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանը հենց հաջորդ օրը կատարեց իր քայլը՝ ներկայացնելով խորհրդարանական մեծամասնության համար ընդունելի թեկնածուին՝ Վ. Գրիգորյանին (իսկ որ հենց Վ. Գրիգորյանն է իշխանությունների համար ընդունելի թեկնածու, խոսվել է բացահայտ): Բայց այս իրավիճակում ողջ խնդիրն այն է, որ նախորդ տարի՝ մինչ ԱԺ-ի ցրվելը, նույն Վ. Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվել էր «Ելք» դաշինքի կողմից, սակայն «Հանրապետական» խմբակցությունը մերժել էր նրա թեկնածությունը: Եվ հի­մա խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ օրենք է խախտվում այս քայլով: Ինչո՞ւ, որովհետև «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանվում է. «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»: 

Այսինքն՝ նոր թեկնածու պետք է առաջադրվի, այլ ոչ թե ԱԺ-ի կողմից արդեն իսկ մերժված մեկը: Ըստ պնդումների՝ Վ. Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելը հակասում է օրենքին, սակայն իշխանությունը փակում է աչքերը այդ հանգամանքի վրա և գերխնդիր է դարձրել Վ. Գրիգորյանին ամեն գնով դատական համակարգ՝ հատկապես Սահմանադրական դատարան ուղարկելը: 

Եվ հիմա իշխանությունները պետք է հստակ հիմնավորումներ բերեն, որ ՍԴ դատավորի ընտրության սահմանադրականությունն ապացուցեն, և իշխող խմբակցությու­նը չդառնա քննադատությունների առարկա կոնկրետ անձին ամեն գնով հովանավորելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել