168.am-ը գրում է.

Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Հայաստան է ժամանել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու ակնկալիքով:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի որոշմամբ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Թանգարանի լրիվ անվանումն է՝ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

«Թանգարանը գործել է 15 տարի, իսկ այն փակելը նշանակում է՝ ազգի դավաճան լինել։ Հայաստանում այսօր չկա համահայկական խնդիր, նպատակ։ Եթե մենք ասում ենք, որ պետք է ստեծենք ուժեղ Հայաստան, ապա այն բոլոր գողերն ու ավազակները, որոնք թուլացնում են ազգն ու այդ նպատակից հեռու են տանում, կկոչվեն ազգի դավաճաններ։ Հայկական մշակույթը մեր ամենամեծ ուժերից մեկն է։

Չէր կարելի փակել Ալեքսանդր Թամանյանի թանգարանը, չնայած անհարմար, սոսկալի պայմաններում ինչ-որ մի բանկետի դահլիճ են տրամադրել, բայց 70 տարի մեր ընտանեկան արխիվում Ալ.Թամանյանի արժեքավոր նյութերը պահելուց հետո մենք ստիպված համաձայնեցինք այսպիսի անհարմար դահլիճում թանգարան ունենալ։ 15 տարի պահեցինք այս թանգարանը, իսկ այդ ընթացքում երեք անգամ ուզեցին փակել՝ 2004, 2008 և 2016 թվականներին։ 2004թ. հորեղբորս տղան՝ Ալ.Թամանյան կրտսերն էր տնօրենը։ Նա կարողացավ պայքարել, և այդ թվին չփակվեց։ 2008թ. վեր կացա, եկա Երևան, դիմեցի մի շարք մարդկանց, խորհուրդ տվեցին հոգաբարձուների խորհուրդ կազմել, թե չէ կփակեն։ Հոգաբարձուների խորհուրդը չկազմվեց, բայց այն մարդիկ, ովքեր ուզում էին փակել, ինչ-որ մի ձևով նահանջեցին։ Բայց 2016 թվականին կառավարությունը որոշում ընդունեց միացնել երկու թանգարաններ, որը նշանակում է՝ փակել Թամանյանի թանգարանը, որովհետև 1000-ից ավելի նմուշներ հնարավոր չէ ցուցադրել միացյալ թանգարանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետի թոռը՝ Գագիկ Թամանյանը:

Նա պնդում է՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը փակվել է 2016 թվականին՝ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանի ուժերով:

Կառավարության որոշումը վերցրեց՝ որպես առիթ, օգտագործեց և ասաց՝ ես փակում եմ երեք հաստիք, ու միացնում ենք իրար թանգարանները ու այն վերանվանվելու է Ալ.Թամանյանի անունով: Ոնց որ մի փոքրիկ ոսկոր գցեին մեզ: Մինչև հիմա դա չի եղել, նորմալ էլ չի գործում: Չեր կարելի գործող թանգարանն այդ ձևով քանդել: Նարեկ Սարգսյանը խոստացել էր ուղղել այդ սխալը, բայց ոչինչ չարեց: Հիմա եկել եմ Հայաստան՝ տեսնելու, թե նոր կառավարությունն ինչպե՞ս կարող է ինձ օժանդակել այդ հարցում»,- հավելեց Գագիկ Թամանյանը:

Նրա փոխանցմամբ՝ այցելել  է Քաղաքապետարան, հայտնել խնդրի մասին, բայց սայլը տեղից չի շարժվել, ուստի հիմա դիմում է ՀՀ վարչապետին՝ խնդրելով կառավարական որոշում կայացնեն Աելքսանդր Թամանյանի թանգարանի վերաբացման վերաբերյալ:

168.am-ի հարցին՝ հիմա որտե՞ղ են ցուցանմուշները, և կա՞ տարածք, որը կցանկանային, որ որպես թանգարան ծառայեր, Գագիկ Թամանյանը պատասխանեց.

«Ցուցանմուշները պահպանվում են մեր սեփական տարածքներում, իսկ մեր իղձն է՝ ստանալ որևէ հարմար շենք Կենտրոն համայնքում: Առաջինը՝ ճարտարապետների շենքն է, և կխնդրեի, որ բոլոր ճարտարապետները քվեարկեին՝ դե՞մ են դրան, թե՞ ոչ: Մենք նայել ենք նաև մեկ այլ, շատ ավելի լավ կառույց, որն Ամիրյան փողոցում է,  նախկին գիմնազիայի շենքն է և վաղուց պատրաստվել է որպես թանգարան՝ Երևանի պատմության թանգարանի համար, բայց գնվել է մեծահարուստի կողմից ու արդեն 30 տարի է՝ ամայի է: Շատ հարմար շենք է»:

Ճարտարապետի թոռան խոսքով՝ ցուցանմուշները պետք է հատուկ պայմաններում պահպանվեն, իսկ այդպես լինում է միայն թանգարանում: «Եթե երկար ձգձգեն՝ մշակույթին վնաս կհասցնեն»,- նկատեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել