Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում տարեկան 80-100 երեխայի մոտ ախտորոշվում առաջնակի մանկական քաղցկեղ, որոնց 50 տոկոսը լինում են արյան չարորակ հիվանդություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Լիլիթ Սարգսյանը:

«Մեր վիճակագրական տվյալները չեն տարբերվում միջազգային տվյալներից: 1995 թվականից ի վեր, երբ սկսեցինք կիրառել մեր բուժական սխեմաներում գերմանական և ամերիկյան ստանդարտ արարողակարգեր, այժմ ունենք բավականին լավ արդյունքներ»,- նշեց Սարգսյանը:

Բժշկուհու խոսքով՝ երեխաների 70 տոկոսը լիարժեք առողջանում է, իսկ 30 տոկոսն այն դեպքերն են, երբ հիվանդությունն ավելի զորեղ է գտնվում, այսինքն՝ կրկնվում է կամ լուրջ բարդություններ են առաջանում, ինչպիսին, օրինակ, արնահոսությունն է:

«Արտասահմանյան տարբեր երկրներում նույնպես այս պատկերն առկա է, ուղղակի այնտեղ լավ է գործում առողջապահական համակարգի պրոֆիլակտիկ մասը: Շատ օտար երկրներում այդպիսով հնարավոր է լինում ավելի վաղ շրջանում հայտնաբերել հիվանդությունը և բուժումն էլ ավելի հեշտ է ընթանում: Հայաստանում շատ հաճախ դիմում են 3-րդ կամ 4-րդ փուլերում, որովհետև նեղ մասնագետի մոտ ուշ են գնում ստուգվելու»,- նշեց Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարը:

Անդրադառնալով երեխաների մոտ քաղցկեղի վաղ հայտնաբերմանը՝ Լիլիթ Սարգսյանը շեշտեց, որ այն չի կանխարգելվում, քանի որ չկան մանկական սկրինինգ հետազոտություններ:

«Կարծում եմ, որ ծնողները փոքր հասակից պետք է շատ ուշադիր լինեն իրենց երեխաների նկատմամբ, մանկաբույժի մոտ տանեն, որպեսզի տարեկան ամենաքիչը 1-2 անգամ հետազոտություններ անցնեն: Այդ դեպքում, երեխայի օրգանիզմում գոյացած չարորակ ուռուցքը հնարավոր կլինի ավելի վաղ շրջանում հայտնաբերել և վիրահատության միջոցով հեռացնել այն»,- ասաց ուռուցքաբանը և հավելեց, որ հասարակության համար պետք է իրազեկման հաղորդումներ լինեն:

Սարգսյանը ներկայացրեց այն նախնական ախտանիշները, որոնց դեպքում ծնողները պարտադիր պետք է դիմեն բժշկի՝ թուլություն, ջերմության առկայություն, որևէ լոկալիզացիայի ցավ, քաշի կորուստ, մաշկային քոր, հետաճ, նոր առաջացած կաղություն, շլություն, գլխացավեր, անզուսպ փսխումներ:

«Այս ախտանիշները մի քանի օր տևելու դեպքում պետք է անպայման դիմել բժշկի, ով էլ կկազմակերպի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները»,- նշեց Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարը և հավելեց, որ երեխաների քաղցկեղի բուժման միջազգային ցուցանիշը կազմում է մոտ 85 տոկոս:

Անդրադառնալով ֆինանսական խնդիրներին՝ Սարգսյանն ընդգծեց, որ իր աշխատանքային 20 տարվա փորձի ընթացքում  մինչ օրս չի եղել գեթ մեկ դեպք, երբ երեխան ֆինանսական խնդրի պատճառով բուժում չստանա: Նա նշեց, որ այսօր շատ հիմնադրամներ և բարեգործներ կան, ովքեր օգնում և աջակցում են նմանատիպ հարցերում: Հիմնադրամներից առանձնացրել  «City of smile»-ը, որը 99.9 տոկոսով իր վրա է վերցնում բոլոր ֆինանսական ծախսերը և որևէ ծնող չունի խնդիր ինչ-որ դեղորայք գնելու և ձեռք բերելու, հետազոտությունների և օրական տրվող 3-անգամյա սննդի հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել