168.am-ը գրում է.

Եվ այսպես, ըստ ամենայնի՝ մենք վերջապես կունենանք Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր։ Այդ թափուր տեղը կզբաղեցնի գործող իշխանությունների և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի փաստաբան Վահե Գրիգորյանը, նույն այն Վահե Գրիգորյանը, ում մասին հայտնի գաղտնալսումների մեջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասում էր, որ ինչ պետք է, կասեն, կանի։

Ինչպես շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ ու վերլուծաբաններ են համարում, երկու անգամ բաց թողնվեց որպես ՍԴ դատավոր՝ բացարձակապես ապաքաղաքական անձնավորություն ունենալու հնարավորությունը՝ հանձինս թեկնածուներ Գոռ Հովհաննիսյանի ու Արթուր Վաղարշյանի, և շուտով մենք, փաստորեն, կունենանք խիստ քաղաքականացված, իշխանությունների բացահայտ համակիր Վահե Գրիգորյան ՍԴ անդամին, ում անաչառությունը հետագայում կայացվելիք իր որոշումների մասով առնվազն ի սկզբանե կասկածահարույց է։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բավական երկար ժամանակ դիմադրեց՝ տուրք չտալով իշխանությունների պահանջին ու իր թեկնածուներին առաջադրելով՝ որպես ՍԴ դատավորի թեկնածուներ։ Ուրեմն ի՞նչն այժմ նրան ստիպեց առաջադրել Վահե Գրիգորյանին, մի մարդու, որի թեկնածությանն ինքն ակնհայտորեն դեմ էր, այլապես հենց սկզբից կառաջադրեր այն նույն Վահե Գրիգորյանին, ով իրեն՝ նախագահ Արմեն Սարգսյանին, ոչ լեգիտիմ նախագահ է համարում։

Ի դեպ, Վահե Գրիգորյանի կարծիքն այդ առումով կարծես թե չի փոխվել։

Այսպես, այսօր Factor.am-ն ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հետ զրույցում նրան հիշեցրել է իր այդ խոսքերը և հետաքրքրվել՝ արդյո՞ք շարունակում է նույն կարծիքին մնալ: «Այո, դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ»,- արձագանքել է Գրիգորյանը: Հարցին՝ այդ դեպքում ստացվում է, որ ինքը հիմա ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմի՞ց, Գրիգորյանը պատասխանել է. «Ես իմ դիրքորոշումն ասել եմ նախագահի ընտրությունից առաջ: Անկախ նրանից, թե ես ինչ կարծիք ունեմ նախագահի վերաբերյալ, նա շարունակում է ՀՀ նախագահը լինել՝ քանի դեռ ԱԺ-ի այդ որոշումն ուժի մեջ է»:

Factor.am-ի դիտարկմանը՝ անհարմարության զգացողություն չունի՞, որ առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմից, ՍԴ դատավորի թեկնածուն ասել է՝ բացարձակապես։

Նախորդ տարվա հունիսին փաստաբանների և քաղհասարակության՝ հասարակական կազմակերպությունների առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրեց ստեղծել մի խորհրդատվական մարմին՝ իրավաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը նախագահին կօգնի Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի արժանի թեկնածու ընտրել, իսկ հոկտեմբերին 168.am-ը ՍԴ դատավորի թեկնածուի հավակնորդների վերաբերյալ պաշտոնական գրավոր հարց էր ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

«…Խնդրում ենք սահմանված կարգով մեզ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ովքե՞ր են ընդգրկված եղել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբում, ովքե՞ր են եղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդները, ինչպես նաև վերը նշված կարգադրության 6) կետով սահմանված՝ կարգադրության 2-րդ կետի 5-րդ ենթակետում նախատեսված անհատական հարցազրույցն ավարտելուց հետո՝ եռօրյա ժամկետում աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի՝ յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անանուն խորհրդատվական կարծիքները»,- ասված էր մեր հարցման մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմից ի պատասխան մեր խնդրանքի՝ պատասխանել էին.
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի այն երկու հավակնորդների հետ, ովքեր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամների մեծամասնության հավանությանն էին արժանացել: Առաջիկա օրերին Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը կներկայացվի Ազգային ժողով:

…Աշխատանքային խմբում ընդգրկված էին իրավաբան մասնագետներ տարբեր կառույցներից և գիտակրթական հաստատություններից:

Նախատեսված ժամկետներում դիմում էր ստացվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հինգ հավակնորդից: Աշխատանքային խմբի կողմից նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպվել էր անհատական զրույց, որից հետո աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ փակ ծրարով ներկայացրել էր յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիք, որը փոխանցվել էր Հանրապետության նախագահին՝ որոշումը կայացնելիս մասնագետների կարծիքներին ծանոթանալու նպատակով:

… Ինչ վերաբերում է հավակնորդների վերաբերյալ խորհրդատվական կարծիքները հրապարակելուն, ապա հարկ է նշել, որ աշխատանքային խմբի անդամների՝ փակ ծրարով Հանրապետության նախագահին ներկայացված խորհրդատվական կարծիքները պարունակում են յուրաքանչյուր հավակնորդի մասնագիտական և անձնական հատկանիշների նկարագրություն, և որևէ թեկնածուի օգտին «կողմ» կամ «դեմ» քվարկություն չեն հանդիսանում: Միևնույն ժամանակ այդ կարծիքները հրապարակելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն առկա չէ ոչ հավակնորդների, ոչ էլ խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամների հետ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ձեռնապահ ենք մնում Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հավակնորդների վերաբերյալ խորհրդատվական կարծիքները հրապարակելուց»։

Նախագահի աշխատակազմը, ըստ էության, մերժել էր մեր խնդրանքը։ Մենք չէինք պահանջում, որպեսզի հրապարակվեն կոնկրետ թեկնածուների անունները կամ նրանց մասին որևէ տվյալ, բայց ցանկանում էինք դրական կարծիքի արժանացած երկու թեկնածուների մասին մասնագետների կարծիքները հրապարակայնացնել։
Ինչո՞ւ էր սա կարևոր։ Նախ, որպեսզի ապահովվի գործընթացի թափանցիկությունը, որովհետև իրարամերժ տեղեկություններ ենք ստանում աշխատանքային խմբում ներգրավված կարծիքների և թեկնածուի առավել շատ դրական կարծիքներ հավաքած երկու թեկնածուների մասին։

Մեր տեղեկություններով՝ սակայն, աշխատանքային խմբից շատերը բացասական գնահատական էին տվել Վահե Գրիգորյանի թեկնածությանը թե մասնագիտական, թե իր մեծամիտ վերաբերմունքի համար, որ պարբերաբար դրսևորվում էր նրա հարցազրույցների ու սոցցանցային գրառումների ժամանակ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախագահը փաստորեն անտեսեց իր առաջադրած թեկնածուների նկատմամբ Ազգային ժողովի իշխանական մեծամասնության անթաքույց արհամարհանքը, ՍԴ դատավորի ընտրության պրոցեսն ակնհայտորեն ֆիկցիայի վերածելը, որովհետև ներկայացված թեկնածուներից ոչ մեկը չուներ Վահե Գրիգորյան անուն ազգանունը։ Արմեն

Սարգսյանը, այնուամենայնիվ, ինչո՞ւ որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց այն մարդուն, ով իրեն համարել և համարում է ոչ լեգիտիմ նախագահ։

Ի՞նչ ճնշում է գործադրվել նախագահի վրա, որ նա չի կարողացել դեմ գնալ իշխող էլիտայի կամքին ու իր կամքին հակառակ՝ ներկայացրել է հենց նրա թեկնածությունը։ Միգուցե կրկին ասպարե՞զ է բերվել նրա քաղաքացիության հարցը։

Հիշեցնենք, որ երբ 2018թ. մարտին ԱԺ-ն նախագահ էր ընտրում, այն ժամանակ «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք հիմա չենք քննարկում՝ Դուք ծագումով և էությամբ ՀՀ քաղաքացի՞ եք, թե՞ ոչ։ Այն, ինչ Դուք ասում եք, որ 2011թ. դեկտեմբերին գրել եք դիմում, մենք մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ էլ դա ընդունել ենք՝ ի գիտություն, և ասել, որ ճիշտ կլինի՝ այդ ամենը հիմնավորվի փաստաթղթերով։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ այդ դիմումն այնտեղից չեք վերցնում, հրապարակում, տեղեկանք բերում, որ Դուք այդ երկրի քաղաքացի եք կամ քաղաքացի չեք, և բոլոր այս խոսակցությունները կդադարեն։ Երկու ամիս է՝ այս խոսակցությունը գնում է, Դուք ասում եք՝ իրավաբանների հետ խորհրդակցեմ, այնպիսի տպավորություն է, որ Դուք այդ հարցում ձեզ մեղադրյալի կարգավիճակում եք զգում և փաստաբանական համաշխարհային գրասենյակներից եք օգտվում՝ ինչ խոսեք։ Տեսեք, Դուք ասում եք սխալի մասին, բայց մամուլում հրապարակում կա, որ Դուք եք ստորագրել։ Կա պարզ գործողություն՝ այդ թուղթը բերեք՝ հրապարակեք, վերջացնենք։ Ու սա միայն հիմա չի Ձեզ հետապնդելու, անընդհատ հետապնդելու է։ Ինչո՞ւ չեք հրապարակում»։

Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել էր. «Այո, այդ փաստաթղթի տակ կա իմ ստորագրությունը, այդ փաստաղթուղթը փաստացի այն մասին է, որ այդ ընկերությունը գտնվում է սառեցված վիճակում, այդ փաստաթուղթը նրա մասին չէ՝ ես քաղաքացի եմ, թե ոչ։ Ստորագրելիս ես չեմ էլ կարևորել՝ ես քաղաքացի եմ, թե ոչ։ Դա էական չէ ընդհանրապես։ Ես օրինակը բերեցի, որ դուք այսօր կարող եք գնալ և գտնել այլ փաստաթղթեր, որ ես Բրիտանիայի քաղաքացի եմ, դա քաղաքացիության փաստաթուղթ չէ»։

Այս թեզը պարբերաբար շրջանառության մեջ էր դրվում մինչ այն պահը, երբ նախորդ տարի՝ հեղափոխության ամենաեռուն շրջանում, Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։

Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

Սրանից հետո Արմեն Սարգսյանի քաղաքացիության շուրջ այդ խոսակցությունները դադարեցին, սակայն չի բացառվում, որ այսօր դրանք կրկին շրջանառության մեջ են դրվել, որովհետև չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ասած լինի՝ «գիտե՞ք ինչ, ես տեսել եմ այդ փաստաթղթերը, բայց, տեսեք, ժողովուրդը չի տեսել, չի հավատում, պիտի նրան էլ ցույց տաք դրանք», ու դրանից հետո հանկարծ Արմեն Սարգսյանը հասկացել է, որ Վահե Գրիգորյանն է ՍԴ դատավորի միակ ու անփոխարինելի թեկնածուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել