«ՀՀ ԱԺ-ն հերթական անգամ չընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր: Բանն այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ մինչև հիմա ԱԺ ներկայացրած թեկնածուներից ոչ մեկն էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության «սրտով չեն». իշխանությունները ցանկանում են ՍԴ-ում տեսնել փաստաբան, մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին: 

ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման իրավունքը նախագահինն է, իսկ Արմեն Սարգսյանը չի ներկայացնում նրան (Գրիգորյանի թեկնածությունը ներկայացվել էր նախորդ խորհրդարանում, և այն ժամանակ էլ ՀՀԿ-ական մեծամասնությունը նրան էր մերժել): 

Երեկ նախագահի ներկայացրած հերթական թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին, «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց: Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց. «Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»,- ասաց Միրզոյանը։ 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց` արդյոք նախագահը, հաշվի առնելով ԱԺ մեծամասնության ցանկությունը, հաջորդ անգամ ՍԴ դատավորի պաշտոնում կներկայացնի՞ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: 

««Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն` Հանրապետության նախագահն ունի մեկամսյա ժամկետ թեկնածու առաջադրելու համար: Այդ ժամկետում նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի»,-ասաց տիկին Պետրոսյանը: 

Նկատենք, որ այս պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ՝ ի վերջո, նախագահը Գրիգորյանին առաջադրելու է, թե շարունակելու է ուրիշ թեկնածու ուղարկել խորհրդարան՝ հերթական անգամ մերժվելու հեռանկարն աչքի առաջ ունենալով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել