Operativ.am-ը գրում է․

Արաբական առաջնորդները սկսում են Սաուդյան Արաբիայում հակաիրանական գագաթնաժողովը: Նրանք Էր Ռիյադում համոզիչ ազդանշան կտան Իրանին, որ տարածաշրջանային գերտերություններն իրենց շահերը կպաշտպանեն՝ Պարսից ծոցում հարձակումներից հետո, հաղորդում է Reuters-ը:

Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք զբաղվում են Իրանին զսպելու նպատակով Վաշինգտոնի լոբբինգով, հայտարարել են, որ ցանկանում են խուսափել պատերազմից:

Էր Ռիյադի խոսքով՝ նավթային կայանների վրա անօդաչուներով հարձակման հետեւում կանգնած է Թեհրանը: Ենթադրաբար, Թեհրանի հրամանով են գործել Եմենի ապստամբները, որոնք ստանձնել էին միջադեպի պատասխանատվությունը:

Նախօրեին Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Իրանը «գրեթե անկասկած» կապ ունի ԱՄԷ-ի ափերի մոտ լցանավերի վրա հարձակման հետ:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Ասսաֆը Ջիդդայում հավաքվածներին ասել է, որ հարձակումներին պետք է պատասխանել «ուժով եւ վճռականությամբ»:

«Չնայած գագաթնաժողովի առաջնորդները կքննարկեն, թե ինչպես խուսափել պատերազմից, թագավոր Սալմանը վճռական է՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ աճող լարվածության պայմաններում Սաուդյան Արաբիայի եւ արաբների շահերը պաշտպանելու հարցում»,- Al Arabiya-ում իր հոդվածում գրել է Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավար, արքայազն Թուրքի ալ-Ֆեյսալը:

Նա նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաեւ արաբական գործերին Իրանի «միջամտությունը»:

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը գագաթնաժողովին հրավիրել է Կատարի ղեկավարին, որի երկրում է գտնվում տարածաշրջանում ամենախոշոր ամերիկյան ռազմաբազան: Դոհան որոշել է հանդիպմանն ուղարկել վարչապետ շեյխ Աբդուլլա բեն Նասերա Ալ Թանիին: Քուվեյթի էմիրն ու Եգիպտոսի նախագահը եւս առաջնորդների թվում են:

Իրաքն ու Օմանը, որոնք լավ հարաբերություններ ունեն Թեհրանի եւ Վաշինգտոնի հետ, հայտարարել են, որ աշխատում են լարվածության նվազեցման ուղղությամբ: Դոհան, որը հսկայական գազային հանքավայր է կիսում Իրանի հետ, նույնպես աջակցություն է առաջարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել