Անգլիայի Սոլտեշ քաղաքում փրկարարները գրեթե մեկ շաբաթ փորձում էին կատվին հանել բարձր կամրջի վրայից, սակայն նա կարողացել է ինքնուրույն դուրս գալ և վերադառնալ տուն։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։

Հեթի անունով 5-ամյա կատուն մի քանի շաբաթ առաջ անհետացել էր։ Մայիսի 24-ի երեկոյան նրան հայտնաբերել էին Ալբերտ թագավորական կամրջի ամենաբարձր հատվածներից մեկի վրա։ Հեթին նստել էր երկաթե փողի վրա և այլևս չէր կարողացել իջնել։

6 օր շարունակ փրկարարները փորձում էին իջեցնել կատվին, իսկ Network Rail կազմակերպությունն արդեն նախատեսել էր ժամանակավորապես փակել այդ հատվածը, որպեսզի փրկեն Հեթիին։

Փրկարարներն անգամ բացել էին ամենաերկար աստիճանը, որպեսզի կարողանային կատվին փրկել։ Սակայն դա նույնպես չօգնեց, և նրանք ստիպված դադարեցրին գործողությունը։ Մի քանի ժամ անց Հեթին ինքնուրույն վերադառնում է տուն, ինչը շատ է զարմացնում տիրուհուն։ Նա նշում է, որ արդեն պատրաստվում էր օգնել փրկարարներին, որպեսզի նրանք հանեն իր կատվին, սակայն այդ պահին դրսից լսել է իր կատվի մլավոցը։

Կենդանին չի վնասվել։ Կինը նշում է, որ կատուն մի քիչ նիհարել է և կեղտոտվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել