ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանն էլի անդրադարձել է բուհերին: Կարծում եմ` մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է:

Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ»: Հիմա անցել է ԵՊՀ-ին ու խոսում է խորհուրդների քաղաքականացվածությունից: Լո՞ւրջ եք ասըմ, պարոʹն Մարուքյան: Հարցնում եք` բա ուրիշ կուսակցությունից մարդ նշանակե՞լ եք: Այո՛, նշանակել ենք, օրինակ` Ձեր հարազատ եղբորը` իմ կողմից շատ հարգված Քրիստ Մարուքյանին (վստահ եմ՝ գիտեք նրա նշանակման մասին):

Ու մարդկանց նշանակելիս երբեք չենք առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ ու մեր քաղաքական ուժին լոյալությամբ, այլ հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ ու տվյալ բուհի հետ ունեցած առնչությամբ` որպես շրջանավարտ, գործատու և այլն:

Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք և տեսնում եք»:

Նախարարի գրառմանը արձագանքել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կատարելով հետևյալ գրառումը.

«Արայիկ ջան, ես ասում եմ՝ Ձեր պատգամավորներին նշանակել եք բուհերի խորհուրդներում, իսկ ինչ վերաբերում է իմ եղբորը ՎՊՀ-ում խորհրդի անդամ նշանակելուն, ապա խնդրել եք, որ նշանակեք, նա էլ արդար մարդ է, համաձայնվել է, բայց նա պատգամավոր չէ ու, ի տարբերություն Ձեր պատգամավորների, իր մանդատը վայր դրեց, մնաց մեծ քաղաքականությունից դուրս:

Հիմա Ձեր պատգամավոր կուսակցականներին՝ իմքայլականներին ասեք՝ կամ թող բուհերի խորհուրդներից դուրս գան, կամ էլ պատգամավորի մանդատները վայր դնեն: Ավելին՝ ես խոսում եմ բուհերի ապաքաղաքականացումից, որից հասկանում եմ, իսկ եթե այսպես Դուք շարունակեք, ապականելու եք ոլորտը, որից արդեն բազմաթիվ բողոքներ ենք ստանում: Մեկ էլ կխնդրեի՝ պատասխանեք, թե այդ ոնց եղավ, որ դեմ էիք փակ, գաղտնի քվեարկությամբ ԵՊՀ ում ռեկտորի ԺՊ ընտրելուն: Դե պարզ բան է․ փակ գաղտնիի պարագայում Ձեր թեկնածուն չէր ընտրվի, իսկ բացի պարագայում մարդիկ իշխանությունից կաշկանդված էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել