Դալայ-լաման լավատեսությամբ է նայում մարդկանց՝ որպես «հասարակական կենդանիների», որոնք ի բնե հակված են կարեկցելու և ավելի լավն են դառնում՝ չնայած արդի աշխարհի բոլոր խնդիրներին: Այդ մասին նա հայտարարել է RIA Novosti-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Ոչ, ես չեմ փոխել իմ կարծիքը: Նույնիսկ էլ ավելի եմ դրանում հաստատվել: Ամեն մի էակ, նույնիսկ միջատը, չի ցանկանում տառապել, այլ ցանկանում է երջանիկ կյանք ապրել: Եվ յուրաքանչյուր ոք երջանիկ լինելու իրավունքն ունի»,- ասել է Դալայ-լաման՝ պատասխանելով այն հարցին, թե հիասթափվա՞ծ է արդյոք մարդկանցից:

Ավելի վաղ բուդդիստների առաջնորդը մեկ անգամ չէ, որ ասել է, թե մարդկությունն ավելի լավն է դառնում, սակայն վերջին ժամանակներս հայտարարում է, որ մարդկությունը պատասխանատվության պակաս ունի, և աշխարհն աղետի եզրին է:

Դալայ-լաման նշել է, որ, գիտության վերջին տվյալների համաձայն, «մարդն իր բնույթով հակված է կարեկցելու»: «Դա ակներև է. լույս աշխարհ գալուց հետո առաջին մի քանի տարիներին մենք մայրական սիրո և հոգածության կարիք ունենք, առանց որի մենք չէինք գոյատևի»,- հավելել է հոգևոր առաջնորդը:

Նրա խոսքով՝ «դա տեղի է ունենում բոլոր հասարակական կենդանիների մոտ»․ «Մենք՝ մարդիկս, նույնպես հասարակական կենդանիներ ենք: Հազարամյակների ընթացքում մարդիկ գոյատևել են հենց ընդհանրության զգացման, փոխադարձ օգնության և միմյանց հոգ տանելու շնորհիվ»,- համոզված է Դալայ-լաման:

Իսկ արդիականության հիմնական սպառնալիքները նա համարում է մարդկանց բնաջնջող պատերազմները, գլոբալ տաքացումը և մարդկային գործունեության հետ կապված էկոլոգիական մյուս աղետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել