Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում երեխան սրտի երեք կանգ է ունեցել և ողջ մնացել, հաղորդում է Daily Mirror բրիտանական պարբերականը:

Ռայլի Դիբլը ծնվել է սրտի արատով: Լույս աշխարհ գալուց մեկ ժամ անց նրա սիրտը կանգ է առել, և բժիշկները շտապ սկսել են վերակենդանացնել նորածնին:

Երեխան վիրահատության է ենթարկվել և մեկ շաբաթ անց գնացել տուն:

Երեք ամիս անց Ռայլիի ինքնազգացողությունը կրկին վատացել է: Ծնողները նկատել են, որ երեխան սկսում է կապտել: Երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Բժիշկները երեխայի մոտ սրտի ևս մեկ արատ են հայտնաբերել՝ թոքային զարկերակի ստենոզ, որի դեպքում անբավարար քանակությամբ արյուն է հասնում թոքերը, և թթվածնի խիստ պակաս է առաջանում:

Սրտի երկու արատների դեպքերը շատ հազվադեպ են լինում: Ռայլին պետք է անհապաղ վիրահատության ենթարկվեր, սակայն բժիշկը ծնողներին տեղեկացրել էր, որ երեխայի ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է՝ հաշվի առնելով նրա հյուծված վիճակը սրտի երեք կանգերից հետո:

«Վիրաբույժն ասաց, որ մենք երկու տարբերակ ունենք. թողնենք, որ նա մահանա մեր ձեռքերում կամ վիրահատության ենթարկվի: Բայց նա վստահ էր, որ Ռայլին կմահանա վիրահատական սեղանին»,- ասել է երեխայի հայրը:

Ծնողները որոշեցին երեխային չզրկել գոյատևման միակ հնարավորությունից: 12 ժամ տևած վիրահատությունից հետո երեխան ողջ մնաց՝ չնայած սարսափելի կանխատեսումներին:

Ռայլին այժմ 11 ամսական է և պետք է ևս մեկ վիրահատության ենթարկվի: Տղայի ծնողները խոստովանել են, որ նրանք նույնիսկ չէին հավատում, որ երեխան կապրի մինչև մեկ տարին, իսկ հիմա հավատում են լավագույնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել