Armenpress.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է, որ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը  կբարձրացներ դրոշը, եթե «Արսենալ»-ի կազմում գոլի հեղինակ դառնար Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչում:

Ինչպես հայտնի է, հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներով, չի մեկնել Բաքու, որտեղ այսօր՝ մայիսի 29-ին, կայանալու է 2018-19 մրցաշրջանի՝ «Չելսի»-ի դեմ վճռորոշ հանդիպումը: Նույն պատճառով նա Ադրբեջան չէր մեկնել նաև ընթացիկ մրցաշրջանի «Քարաբագ»-ի դեմ խաղին, ինչպես նաև մի քանի տարի առաջ Չեմպիոնների լիգայի «Գաբալա»-ի դեմ խաղին, երբ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Sovsport.ru-ն Գյուլբուդաղյանցից հետաքրքրվել է՝ չի՞ կարծում, որ սա չափազանց է, ի վերջո խոսքը Եվրոպա լիգայի հաղթողի կոչման մասին է, այլ ոչ թե նախնական փուլերի հանդիպումների մասին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանել է. «Համաձայն եմ, ոչ բոլոր ֆուտբոլիստներին է նման հանդիպումների մասնակցելու բախտ վիճակվում: Շատերն այդ մասին երազում են ողջ կյանքում: Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես Մխիթարյանը 2 տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հաղթեց Եվրոպա լիգայում: Գեղեցիկ գոլ խփեց «Այաքս»-ին, հետո գլխավերևում պահեց հայկական դրոշը: Այդ վայրկյաններին ողջ հայ ազգը հպարտություն էր զգում: Ի դեպ, նա Պոլ Պոգբայի հետ հավակնում էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ընդհանրապես Մխիթարյանը ֆանտաստիկ կարիերա ունի: Եվ կարելի է խոսել ոչ միայն նրա ֆուտբոլային տաղանդի, այլև մարդկային հատկանիշների մասին՝ կամքի ուժի, նպատակասլացության, փորձությունները հաղթահարելու ու երբեք չհանձնվելու ունակությունների մասին:

Դիտարկմանը, որ գուցե արժե՞ր ամեն դեպքում մեկնել Բաքու՝ մտավախություն չունենալով աղմուկի համար,. Արմենյ Գյուլբուդաղյանը պատասխանել է. «Վստահ եմ, որ, եթե Մխիթարյանը խաղար այդ խաղում և հաղթեր, ի պատիվ իր ազգի, համարձակորեն գլխավերևում կպահեր հայկական դրոշը, ոչնչից չէր վախենա: Ես կհպարտանայի նրանով, ինչպես իմ բոլոր հայրենակիցները: Բայց նա առանց այդ էլ օրինակ է բոլորի համար: Նա բազմաթիվ հիանալի հաթաղանակներ է տարել, և նա իրավունք ունի այնպիսի որոշումներ կայանցելու, որոնք անհրաժեշտ է համարում»:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում այսօր կպայքարեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել