14:13

ԱԺ–ում պատգամավորների հետ հանդիպումից հետո «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանը հայտարարեց, որ այս պահին գոհացնում է հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները:

«Այս պահին, ինչ պահանջ որ ունեին աշխատակիցները, ինչի համար հավաքվել էին, ինչի համար փողոց էին փակել... այո, գոհացնում է հանդիպումը: Պատգամավորները լսել են մեր բոլոր պահանջները և պարոն Թունյանը խոստացել է, որ առաջիկա օրակարգում դրանք քննարկվելու են»,- նշեց նա:

«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի տնօրենը վստահեցնում է, որ իրենք «Վիվառոբետ» ընկերության դեմ պայքարելու խնդիր չունեն, այլ պայքարում են իրենց ընկերության հետագա գործունեության համար:

13:11

Բողոքի ակցիայի մասնակից բուքմեյքերներն ԱԺ–ում հանդիպում են պատգամավորների հետ: 


12:46

«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների դեմ պայքարող ցուցարարները Բաղրամյան պողոտան բացեցին: Նրանց խոսքով՝ իրենց պահանջը հանդիպումն էր, իսկ այս պահին իրենց ներկայացուցիչները հանդիպում են ունենում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

Ցուցարարների գործողությունների հետագա ընթացքը պարզ կլինի հանդիպման արդյունքներից հետո։

12:21

ԱԺ նախագահին ուզում ենք ասել՝ հարգելի ԱԺ նախագահ, մեր հարցին լուծում տուր, այս մարդիկ մնում են գործազուրկ։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ցուցարարներից մեկը։ Նա շեշտեց՝ իրենք չեն խրախուսում խաղամոլությունը, ավելին՝ կողմ են, որ բոլորը փակվեն, բայց ամեն բան օրինական պետք է լինի։

«Եթե գրասենյակները փակվում են, ապա օնլայնն էլ պետք է փակի։ Իսկ հիմա ամեն բան անում են կոպիտ խախտումներով։ Մեզ մոտ մաքրուհիներ են աշխատում, որոնք կենսաթոշակային տարիքի են, և իրենց կենսաթոշակի հետ այդ աշխատավարձը բավարարում է, որ մարդն ապրի մարդավայել: Մեզ մոտ աշխատում են 100-ից ավել կանայք՝ կենսաթոշակային տարիքի։ Մարդիկ ինչով են ապրելու, ի՞նչ է, 30 հազար թոշակո՞վ»,- ասաց նա։

Բուքմեյքերական գրասենյակում մաքրուհի աշխատող Ծովինար Գրիգորյան էլ հայտարարեց, որ նախագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վրեժ է լուծում, քանի որ նախկինում խաղամոլ է եղել։

«Ինքը լավ խաղամոլ է եղել, հիմա դրա վրեժն է լուծում»,- ասաց նա։

Ցուցարարներից ոմանք էլ հայտարարեցին, որ ԱԺ փոխնախագահը բուքմեյքերական գրասենյակ ունի։

11:54

Բաղրամյան պողոտան դեռևս շարունակվում է փակ մնալ։ Ցուցարարներին ԱԺ-ից տեղեկացրին, որ պատրաստ են հանդիպում ունենալ իրենց հետ, սակայն նրանք հայտարարեցին, որ եթե հանդիպումն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ է, ապա իրենք չեն ցանկանում հանդիպել։ 

Մի քանի ցուցարարներ, այնուամենայնիվ, մտան ԱԺ-ի շենք՝ հանդիպման։ 

Տեղեկացնենք, որ հանդիպումը կազմակերպվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի միջնորդությամբ: 

11:35

«Գուդվին-ԲԵՏ» բուքմեյքերական ընկերության աշխատակիցներն այժմ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց՝ պահանջելով չեղարկել ԱԺ օրակարգ մտած «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ցուցարարները «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին» բովանդակությամբ պաստառներով են:

Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանց խոսքով՝ այս օրենքի նախագիծը պարզապես շուկայում գործող խոշոր ընկերություններին էլ ավելի մեծ հնարավորություն է տալու։ Աշխատակիցները պնդում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի:

Նշենք, որ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից: Ցուցարարները պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել