«Մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունենալիք ԵԱՏՄ Վեհաժողովի՝ հոբելյանական, հնգամյակի առիթով Վեհաժողովի այսպես ասած կուլիսային ինտրիգներից մեկն այն է, թե տեղի կունենա՞ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում: Այդ ինտրիգը հասունացրել են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, որոնք բավականին լայն «սփռում» ունեն՝ Հայաստան, Արցախ, Արցախում ռուսական էմիսարներ Կոլերովի և Տարասովի հայտնի հայտարարություն ռուսական մանդատի մասին, Ռոբերտ Քոչարյանի դատական գործ և խափանման միջոցի փոփոխություն, նաև Միհրան Պողոսյանի հարց ու թերևս կարևորներից մեկը՝ Ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողով:

Իհարկե, առաջին հայացքից այստեղ հարցը վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին՝ կապված պատերազմի հանգամանքների հետ, սակայն հաշվի առնելով այն, թե ինչպիսի ներքին և արտաքին քաղաքական միջավայրում է մի քանի տարի շարունակ հասունացել ագրեսիան, և թե ինչպիսի նշանակալի, առանցքային դեր է ունեցել դրանում ռուսական գործոնը, կարելի է պատկերացնել, թե քննիչ հանձնաժողովի միջոցով ապրիլյան պատերազմ ուսումնասիրելու քայլն ինչ արձագանք կամ սպասում կարող է առաջացնել Ռուսաստանում:

Այս տեսանկյունից, Փաշինյան-Պուտին հանդիպումը դառնում է ինտրիգային, կամ ավելի շուտ՝ ստանում ինտրիգի լրացուցիչ դոզա, քանի որ այդ հանդիպումները թավշյա հեղափոխությունից հետո երբեք չեն զգացել ինտրիգի պակաս: Իսկ այստեղ բուն խնդիրն այն է, որ, չնայած առերևույթ կոշտ հակադրությունների բացակայությանը, չնայած Փաշինյանի հասկանալի դիվանագիտական հավաստիացումներին, որ Պուտինի հետ ամեն ինչ կարգին է, հայ-ռուսական հարաբերությունն ունի օրգանական վերանայման կարիք, քանի որ ակնհայտ է՝ հայկական թավշյա հեղափոխությունը Ռուսաստանում է դիտվում սպառնալիք, ընդ որում՝ եվրասիական մասշտաբով, իսկ հայկական թավշյա հեղափոխության համար էլ Ռուսաստանն ու եվրասիական ակումբն են դիտվում սպառնալիք: 

Ընդ որում՝ իրավիճակի նուրբ առանձնահատկությունն այն է, որ այդ օրգանական դիմակայության պահպանման պարագայում չի լինելու հաղթող կամ պարտվող, պարտվելու են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը: Իսկ այդ պարտությունում շահագրգռված թե՛ ռեգիոնալ-եվրասիական, թե՛ ներռուսական, թե ներհայկական շրջանակներ բավականին մեծաթիվ են և ակտիվ, քանի որ Հայաստան և Ռուսաստան պետությունների այդ պարտությունը նրանց համար արժենալու է միլիարդների հոսք դեպի անձնական կամ խմբային գրպաններ:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը մի քար է, որ առաջացել է այդ «մոնետիզացիայի» ճանապարհին, և որը աշխուժորեն փորձում են չեզոքացնել այդ խմբերը: Կօգնի՞, թե՞ կխանգարի նրանց Պուտինը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել