168.am-ը գրում է․

Թեոդոսիայում վերակառուցվելու է Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահի շենքը, որը բարոյական եւ տեխնիկական զգալի մաշվածության վիճակում է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Գլավգոսէքսպերտիզայի մամուլի ծառայությունը: «Աշխատանքների ֆինանսավորումը պլանավորվում է իրականացնել դաշնային եւ տարածաշրջանային բյուջեների միջոցների հաշվին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ շենքում երկար ժամանակ չեն անցկացվել վերանորոգման, վերակառուցման եւ ժամանակակից պահանջներին դրա հարմարեցման համալիր աշխատանքներ:

Թեոդոսիայում Այվազովսկու անվան պատկերասրահը հնագույն թանգարաններից մեկն եւ առաջին հանրային պատկերասրահը երկրի հարավում: Առաջին ցուցադրանքն Այվազովսկու կողմից բացվել է 1845 թվականին: Նկարչի մահից հետո 1900 թվականին պատկերասրահը, նրա կտակի համաձայն, դարձել է քաղաքի սեփականությունը:

Պատկերասրահի հավաքածուն իրենից ներկայացնում է գեղանկարչության, գրաֆիկայի ստեղծագործությունների, արխիվային փաստաթղթերի եւ ֆոտոփաստաթղթերի, հուշաիրերի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաների բացառիկ համալիր՝ ընդամենն ավելի քան 13 հազար ցուցանմուշ:

Այստեղ հավաքվել է Հովհաննես Այվազովսկու, նրա աշակերտների եւ 17-19-րդ դարերի արեւմտաեվրոպական ծովանկարիչների, ինչպես նաեւ այլ գեղանկարիչների ստեղծագործությունների աշխարհի խոշորագույն հավաքածուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել