Ի՞նչ եք անում, երբ վատ տրամադրություն եք ունենում։ Հավանաբար հեռուստացույցի առջև նստած շատ քաղցր եք ուտում։ Հնարավոր է նաև որևէ օգտակար բան եք անում, օրինակ, քայլում եք կամ նկարում։

ԱՄՆ-ի Այովա նահանգի համալսարանի գիտնականների կարծիքով տրամադրությունը բարձրացնելու ևս մեկ հեշտ միջոց կա, և այն այլ մարդկանց երջանկացնելու ձգտումն է։ Երբ դուք ուրիշների համար բարի գործ եք անում, ձեզ մոտ նվազում է տագնապի զգացումը, և բարձրանում է տրամադրությունը։ Այս ամենի շնորհիվ դուք այլ մարդկանց հետ կապ եք ստեղծում։

Հոգեբանները նշում են, որ գոյություն ունեն մի քանի պարզ մեթոդներ՝ լավատես մնալու և բարձր տրամադրություն ունենալու համար։ Ահա այդ մեթոդները․

Երաժշտություն

Մասնագետները երաժշտությունը համարում են վատ տրամադրությունից ազատվելու ամենալավ դեղամիջոցներից մեկը։ Հիմնականում օգնում է հանգիստ երաժշտությունը, սակայն եթե հաշվի առնենք մարդկանց տարբեր ճաշակներ ունենալու հանգամանքը, ապա կարող ենք ասել, որ ցանկացած երաժշտություն կարող է տրամադրություն բարձրացնել։

Պարեր

Պարերը համարվում են երաժշտության շարունակությունը։ Եթե երաժշտություն լսեք և միաժամանակ պարեք, ապա կարելի է ասել, որ դրական լիցքերն ապահովված են։  

Դրական տրամադրվածություն

Ինչ իրավիճակում էլ որ հայտնվեք, միշտ դրական բաների մասին մտածեք, համոզեք ինքներդ ձեզ, որ ամեն ինչ լավ է լինելու, և այդ ժամանակ տրամադրությունը բարձր կլինի, իսկ իրավիճակը հարթելու հավանականությունն էլ ավելի կմեծանա։

Եթե խնդիրներ ունեք, խոսեք դրանց մասին

Մասնագետները նշում են, որ ընկերների և հարազատների հետ խնդիրները քննարկելը կարող է թեթևացնել ձեր հոգեվիճակը։ Անգամ եթե ձեր կողքին ոչ ոք չկա, կարելի է ուղղակի բարձրաձայն պատմել խնդիրների մասին։

Քուն

Հաճախ վատ տրամադրության պատճառ կարող է լինել հոգնածությունը կամ քնի պակասը։ Պառկեք և քնեք։ Եթե դա սովորական գիշերային քուն է, ապա դուք պետք է քնեք 6-8 ժամ, իսկ եթե դա ցերեկային քուն է, ապա ավելի լավ է քնել 30-40 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել