Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգը ներկա չեն լինի կանադական խորհրդարանի լսումներին այս շաբաթ, հաղորդում է CNN-ը:

Հաղորդվում է, որ Ցուկերբերգին և Սենդբերգին խնդրել են այս ամսվա սկզբին ներկա գտնվել Կանադայի խորհրդարանի միջազգային կոմիտեի նիստին, որն ուսումնասիրում է Սիլիկոնային հովտի ազդեցությունը տեղեկատվության գաղտնիության և ժողովրդավարության վրա:

Այնուամենայնիվ, թոփ-մենեջերները որոշել են անտեսել ծանուցումը և նիստին իրենց փոխարեն ուղարկել Facebook Canada-ի հասարակական քաղաքականության պատասխանատու Քևին Չանին և Facebook-ի հասարակական քաղաքականության գծով տնօրեն Նիլ Փոթսին: Ծանուցումն ուղարկող կանադացի քաղաքական գործչի խոսքերով՝ Ցուկերբերգին և Սենդբերգին կարող են պատասխանատվության ենթարկել երկրի խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերբերմունքի համար:

«Ոչ ոք ձեռնաշղթաներով չի գնա նրանց մոտ և չի ձերբակալի, սակայն երկրին չհարգելու համար մեղադրվելը հաստատ որևէ հարթակի օգտակար չի լինի»,- ասել է Կանադայի խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Բոբ Ցիմերը:

Նա նշել է, որ նման որոշման ընդունումը կկատարվի խորհրդարանում քվեարկության միջոցով:

Խորհրդակցությանը կմասնակցեն տասը երկրների օրենսդիրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից և Ավստրալիայից:

«Ընդհանուր առմամբ մենք մոտ 450 միլիոն մարդու ենք ներկայացնում, որն ավելի մեծ է, քան ԱՄՆ բնակչությունը»,- ասել է Ցիմերը:

Նա շեշտել է, որ կցանկանար պատասխաններ լսել թոփ-մենեջերներից և ոչ նրանց փոխարինողներից:

«Իմանալով Facebook-ի կառուցվածքը և ինչպես է այն կառավարվում…, հարթակում ցանկացած փոփոխություն կատարվում է Ցուկերբերգի կամ Սենդբերգի իմացությամբ»,- ասել է կանադացի քաղաքական գործիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել